Միայն Պակիստանն է որպես միջնորդ հանդես գալիս ԱՄՆ-ի հետ շփումներում. Իրանի ԱԳՆ
Ոչ մի այլ երկիր, բացի Պակիստանից, չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների գործընթացին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ներկայում Պակիստանը միակ պաշտոնական միջնորդն է Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական գործընթացում: Թեև մյուս երկրները ևս կապի մեջ են և խորհրդակցություններ են վարում, սակայն միջնորդության արդյունավետությունը կախված է այն բանից, թե կողմերն ինչպես են կատարում իրենց պարտավորությունները», – իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ: Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Ապրիլի 11-ին երկու կողմերն Իսլամաբադում վարել են մի քանի փուլով բանակցություններ, որոնք, սակայն, որևէ արդյունքի չեն հանգեցրել: Միացյալ Նահանգներն ապրիլի 13-ին սկսել է Իրանի ծովային շրջափակումը:
Կկայանա արդյոք բանակցությունների երկրորդ փուլը, առայժմ հայտնի չէ։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունների նպատակով ամերիկյան կողմի ներկայացուցիչը մեկնել է Իսլամաբադ, մինչդեռ իրանական կողմը տեղեկացրել է, որ չի ցանկանում բանակցել ԱՄՆ-ի հետ։



