ՄԱԿ-ում հայտարարել են, որ մոտ 2000 նավ է արգելափակված Պարսից ծոցում
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով Պարսից ծոցում արգելափակված է մոտ 2000 նավ՝ 20 հազար ծովայիններով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը El País թերթի հետ հարցազրույցում։
Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ նա այն անվանել է կրիտիկական, «հատկապես մոտ 2000 նավի անձնակազմերի համար, որոնք չեն կարողանում նեղուցով դուրս գալ Ծոցից»։ Նրա խոսքով՝ դա մտահոգիչ է, քանի որ իրավիճակի ձգձգմանը զուգահեռ առաջանում են սննդամթերքի, ջրի և վառելիքի հետ կապված խնդիրներ։
«Տարածաշրջանի երկրները ծովայիններին ցուցաբերում են ամեն տեսակի օգնություն, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, բժշկական օգնություն», – ասել է պաշտոնյան։
Դոմինգեսին հարցրել են հակամարտության կարգավորումից հետո նավերի դուրսբերումը կազմակերպելու մասին։ Նրա խոսքով՝ կա պլան, որը քննարկվում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Իրանի և Օմանի հետ։
Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող նավերի տարհանումը կտևի մի քանի շաբաթ, սակայն մինչև այդ անհրաժեշտ է համոզվել, որ ականային վտանգ չկա։
«Այնուհետև մենք կվերադառնանք Հորմուզի նեղուցով օրական մոտավորապես 130-135 նավի անցման սովորական ռեժիմին», – հավելել է կազմակերպության ղեկավարը։
Ընդ որում, նա հայտնել է, որ այս պահին չունի տարածաշրջանում ականների առկայության պաշտոնական հաստատում։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։
Ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։



