Չկա թմրանյութը, այն ստացողն ու տեղադրողը, բայց հրապարակի վրա հայտնվել եմ ես. ինչո՞ւ… Արշակ սրբազան

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանական կողմը նրա գործով առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժողը, իրականացնողը, բայց կա պատվիրատուն, ես եմ ներկայացված որպես պատվիրատու»,- դատարանին ուղղված իր խոսքում ասաց Արշակ սրբազանը։

Նա հավելեց՝ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, բայց իր նկատմամբ հիմա քաղաքական հետապնդում է իրականացվում, և ինքն էլ քրեական հետապնդման դադարեցում է ակնկալում։

«Ակնհայտ է, որ այստեղ ամեն բան կեղծ է և շինծու։ Եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իրենց բարձրության վրա, քննիչներն ու դատախազությունն անաչառ լինեին, պատվիրակված չլինեին, մենք այս վիճակում չէինք լինի, հետևաբար ես այլ ակնկալիք ու պահանջ չունեմ»,- ասաց սրբազանը։

Նրա պաշտպան Արսեն Բաբայանի խոսքով՝ ըստ մեղադրանքի՝ Արշակ սրբազանը, նպատակ ունենալով վարկաբեկել ինչ-որ խմբի, հանձնարարել է անհայտ անձի կատարել ինչ-որ գործողություն, որն էլ որակվել է որպես Քրեական օրենսգրքով նախատեսված, իրացման նպատակով թմրամիջոց շրջանառելու՝ բնակչության առողջության դեմ հանցագործություն։

«Այս մասով գտնում ենք, որ առնվազն հանցագործության օբյեկտ գոյություն չունի, ուստի միջնորդում ենք հենց այս պահին դադարեցնել քրեական հետապնդումը»,- ասաց պաշտպան Արսեն Բաբայանը։

Մեղադրող դատախազը, սակայն, միջնորդեց Արշակ սրբազանի նկատմամբ կրկին կիրառել կալանք։

«Վարույթը դեռևս նախնական դատալսումների փուլում է, չեն հարցաքննվել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր անձինք։ Ավելին, առկա են տվյալներ, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է մի քանի անձանց ներգրավմամբ, ինքը էապես մեծացնում է ցուցմունքների համաձայնեցման և ապացուցման գործընթացին միջամտելու վտանգը»,- ասաց դատախազ Ալիսա Բոյաջյանը։

Նրա պնդմամբ՝ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930