Քաղաքական արկածախնդրության գինը. Հայկական ապրանքները հայտնվել են ռուսական «սև ցուցակում»
Մտահոգիչ տեղեկություններ են գալիս Ռուսաստանից. Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը», ներմուծված կոնյակի նմուշների չնախատեսված ստուգումից հետո դատական հայց է ներկայացրել «Պռոշյանի կոնյակի գործարանի» նկատմամբ՝ վերջինիս ռուսական շուկա արտահանման լիցենզիայից զրկելու պահանջով։ Պատճառաբանությունն այն է, որ ստանդարտներին ու տեխնիկական պարամետրերին անհամապատասխան արտադրանք են մատակարարել։
Հայտնաբերվել են խախտումներ, որոնք հիմք են դարձել ընկերությանը լիցենզիայից զրկելու համար։ Գործն արդեն արբիտրաժային դատարանում է։
Ռուսական շուկա առաքվող հայկական կոնյակի որոշ տեսակների որակի հետ կապված խնդիրները, անշուշտ, նոր չեն, դրանց մասին բազմիցս խոսվել է, երբեմն-երբեմն նաև ժամանակավոր սահմանափակումներ են դրվել, բայց հարցը երբևէ չի հասել լիցենզիայից զրկելուն։ Իրավիճակը կարծես սրվեց հատկապես այն բանից հետո, երբ որոշ տաք գլուխներ, առանց իրենց հաշիվ տալու, սկսեցին հայտարարել, թե առանց ռուսական շուկայի էլ կարող են յոլա գնալ։
Այս պահին խոսվում է ռուսական շուկա կոնյակի արտահանման հնարավոր սահմանափակումների մասին։ Սակայն խնդիրը միայն կոնյակը չէ, բազմաթիվ այլ ապրանքները կանգնած են այդ նույն խնդրի առաջ։
Բայց ամեն ինչ՝ ըստ հերթականության։
Երկար ժամանակ Ռուսաստանի հետ հաթաթաներով խոսող Հայաստանի կառավարիչների համար անակնկալ էր այն, ինչ վերջերս տեղի ունեցավ Մոսկվայում։ ՌԴ նախագահից ընդունելություն խնդրած Նիկոլ Փաշինյանը հույս ուներ այդ հանդիպումով ոչ միայն ստանալ ընտրություններում Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը կամ գոնե նման տպավորություն ստեղծել, այլև լուծել մի շարք կնճռոտ հարցեր, այդ թվում՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարման վաճառքի հետ կապված։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի էր շատերի համար։
Հանդիպումից հետո, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձեց փարատել մռայլ տպավորություններն ու հայտարարեց, թե մոսկովյան այցը հաջողված էր, ակնհայտ է, որ այն շատ հեռու էր այդպիսին լինելուց։ Արևմուտքի աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանն այլևս կորցրել է վստահությունը Մոսկվայում և, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, հազիվ թե այս ընտրություններում կարողանա ակնկալել Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը։
Մոսկովյան այցը ձախողված էր նաև նրանով, որ չհաջողվեց համաձայնության գալ երկաթուղու կոնցեսիայի վաճառքի հարցում։ Ռուսաստանը բացահայտ հայտարարեց, որ պատճառ չկա կոնցեսիայից հրաժարվելու համար։
Այդ հայտարարությունից հետո էլ, չնայած Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ բանակցությունները գնում են, պարզ է, որ դա դեմքը փրկելու նպատակ ունի։ Ճիշտ է, երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը հնարավորություն է ընձեռում գնալ նաև միակողմանի այն լուծելու ճանապարհով, բայց դա ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից։ Դրանով ոչ միայն ավելի կսրվեն հարաբերությունները Ռուսաստանի իշխանությունների հետ, այլև Հայաստանը ստիպված կլինի բավական մեծ տուգանք վճարել՝ ժամկետից շուտ կոնցեսիոն պայմանագիրը խզելու համար։ Կատարված միայն 30 մլրդ ռուբլու ներդրումների մասին է խոսվում, ինչը համարժեք է գրեթե 400 մլն դոլարի։
Կոնցեսիայից հրաժարվելու փոխարեն՝ Ռուսաստանը պատրաստ է անգամ ստանձնել երկաթուղու որոշ հատվածների վերականգնման աշխատանքների իրականացումը։ Չնայած դա էլ կարծես չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի պլանների մեջ։ Նա ավելի շատ կուզենար, որ Ռուսաստանը հրաժարվեր դրանից, որպեսզի պատճառ ունենար բարձրացնելու կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունները վիճարկելու հարցը։ Բայց դա էլ տեղի չունեցավ։ Ու հիմա շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի արևմտյան հովանավորները պահանջում են, որպեսզի ռուսներից հետ վերցնի երկաթուղու կառավարումը, մյուս կողմից՝ ռուսները մտադիր չեն ինքնակամ հրաժարվել դրանից։ Այս իրավիճակը չի բխում Հայաստանի շահերից, բայց դա այն է, ինչի առաջ կանգնեցրել են երկիրը։
Ու միայն երկաթուղու հարցում չէ, որ այդպես է։ Մտահոգությունները բազմաթիվ տեղերում են, այդ թվում՝ ատոմակայանի հետագա անխափան շահագործման, ինչպես և՝ հետագա շահագործման ժամկետների երկարաձգման հետ կապված։
Ամենայն հավանականությամբ, շատ շուտով նաև արտադրողները կբախվեն որոշ ապրանքների արտահանման դժվարությունների հետ։ Այդ մասին էր, թերևս, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի այն զգուշացումը, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են:
«Այն տեսականին և արտադրանքի այն քանակը, որը ստացվում է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ոչ բոլորն ունեն հայկական ծագում: Մենք այս խնդրով զբաղվել ենք և՛ 2024 թվականին, և՛ 2023 թվականին»,- օրերս հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը՝ հատուկ ընդգծելով, որ ԵԱՏՄ շրջանակներում շուկաների հասանելիության դյուրինացումը հանգեցրել է մատակարարումների անտրամաբանական աճի։ Այլ կերպ՝ օգտվելով այդ իրավիճակից, Հայաստանով այլ երկրների ապրանքներ են մատակարարվում Ռուսաստան, որոնք ներկայացվում են հայկականի անվան տակ։
«Երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումը 36 միլիոնից հասցրել է ավելի քան 100 միլիոն հատի: Մեծ քանակությամբ արտադրանք, որն ուղարկվում է Ռուսաստան, չի հասնում նախատեսված վայրեր։
Բացի այդ, Հայաստանից ստացվող բեռներում հայտնաբերվել է շուրջ 900 կարանտինային օբյեկտ, ինչը զգալիորեն բարդացնում է աշխատանքը»,- ասում է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը։
Այս խնդիրն անցած տարի էլ կար։ Հետո հայտարարվեց, թե այն լուծվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում էր, թե հիմնավորել ու հավաստիացրել ենք, որ ծաղիկները հայկական են, որ դրանք աճեցվում են Հայաստանի ջերմոցներում, որոնց ծավալներն ու հնարավորություններն էապես ավելացել են։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ հիմնավորումներին ու հավաստիացումներին ռուսական կողմում այնքան էլ չեն հավատում։
Հայաստանից ոչ հայկական ծագման ապրանքների մատակարարումների հետ կապված կասկածները միայն ծաղիկներին չեն վերաբերում։
«Մենք տեսել ենք չհետագծվող արտադրանքի մատակարարումներ, ինչպիսիք են՝ սերուցքային կարագը, պանիրները, իշխանը»,- ասում է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի լեռնային գետերի իշխանը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



