Իրանն աշխարհաքաղաքական դիրքերն էապես ամրապնդել է. չեմ կարծում՝ նման ինտենսիվությամբ ռազմական գործողությունները 2 շաբաթ անց վերսկսվեն. Դավիթ Ջամալյան

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո, իրանական Fars գործակալությունը փոխանցել էր, որ Իրանը հրապարակել է Միացյալ Նահանգներին ուղղված 10 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որն ընդունվել է որպես հրադադարի համաձայնագրի հիմք։ Պայմանները ներառում են ամերիկյան զորքերի դուրսբերում, ռազմական գործողությունների դադարեցում և Իրանի դեմ պատժամիջոցների վերացում։

ԱՄՆ-Իսրայել-Իրան հրադադարը կարո՞ղ է 2 շաբաթից ավելի տևել, փետրվարի 28-ից սկիզբ առած այս պատերազմում Իրանին հաջողվե՞ց հաղթել։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահեցնում է՝ Իրանը 41-օրյա այս պատերազմում հաղթել է։ Նույնիսկ, եթե ենթադրի, որ իրական հրադադարի ժամկետը հենց 2 շաբաթն է, ապա Իրանն այս ժամկետն առավելագույնս կօգտագործի իր ռազմական պոտենցիալն ամրապնդելու համար։

Կարդացեք նաև

«Իրանը հաղթել է և այդ հաղթանակի չափանիշը այն է, որ ամերիկա-իսրայելական ագրեսոր կողմի որևէ նպատակ չի իրագործվել, առաջ քաշված խնդիրներից որևէ մեկը չի լուծվել։ Հակառակը՝ Իսրայելի ագրեսիայի արդյունքում Իրանն իր աշխարհաքաղաքական դիրքերն էապես ամրապնդել է՝ առնվազն Հորմուզի նեղուցի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելով։ Այն, ինչը չկար մինչ ագրեսիան, կա ու փաստ է հրադադարի պահին. բազմաթիվ հաշվարկների համաձայն, միայն  մեկ նավթատարից 2 մլն դոլար գանձելու պարագայում Իրանն ունենալու է 8 մլրդ դոլարին համարժեք եկամուտ, իսկ տարեկան՝ 96 մլրդ դոլարին համերժեք եկամուտ»,- 168.am հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։

Ըստ փորձագետի, այս պատերազմի արդյունքում Իրանում իշխանությունը չտապալվեց, իրանական պետականությունը չթուլացավ, հակառակը՝ ավելի ամրապնդվեց։

Ավելին՝ Իրանի ղեկավարության շուրջ կոնսոլիդացիան ակներև է, 14 միլիոնից ավելի մարդ կամավորագրվել ու պատրաստ է կյանքը տալ Իրանի համար։ Ցամաքային գործողությունների համար Իրանը շատ խելացի քայլերի դիմեց։

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներին կատեգորիկ ձեռնտու չէ Իրանի դեմ պատերազմ սկսելը, փոխարենը Իսրայելին, հատկապես այդ երկրի վարչապետին ու իր շրջապատին օդ ու ջրի նման անհրաժեշտ է, որ ռազմական գործողությունները վերսկսեն։ Իսրայելն այս պատերազմում լրջագույն հարվածներ է ստացել ու կորուստներ է ունեցել։ Անշուշտ, այս կորուստները վերականգնելի են, բայց դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, բայց փաստ է, որ Իսրայելը միայնակ ունակ չէ պայքարելու։ Չեմ կարծում, որ Թրամփը մեկ անգամ ևս հիմարանա ու միանա Իսրայելին՝ Իրանի դեմ պատերազմելու համար, եթե հաշվի առնենք, որ այս ֆոնին Թրամփի վարկանիշն է անկում ապրել, նոյեմբերին կոնգրեսում միջանկյալ ընտրություններ են, ապա Թրամփը երկրորդ անգամ նման քայլի չի գնա։

Չեմ կարծում, որ նման ինտենսիվությամբ ռազմական գործողությունները 2 շաբաթ անց կարող են վերսկսվել»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Շարունակելով մեր զրուցակիցը նկատեց՝ նախկինում թվում էր, թե Իրանը կորցրել է իր վերահսկողությունը շիական տարբեր կառույցների, այդ դիմադրության առանցքի վրա, սակայն այս պատերազմն ապացուցեց, որ ոչ միայն չի կորցրել, այլև ամբողջությամբ իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում վերականգնել է։

«Անդրադառնամ նաև այս ամենին և Հայաստանի հետ կապված հետևություններին՝ ԹՐԻՓՓ կոչվող ականն իր հեռանկարն ամբողջովին կորցնում է, որովհետև Իրանը շեշտակի ու անհանդուրժող դիրքերից հանդես կգա այդ, ըստ էության, հակաիրանական ու հակառուսական  նախագծի դեմ։ Հաշվի առնելով իրանական դիրքերի ամրապնդվելը, վստահ եմ, որ այս նախագծի հեռանկարները դառնում են մշուշոտ։

Մնում է  ենք խելք ունենանք, հունիսի 7-ին մեզ ստիպենք փափուկ բազմոցներից վեր կենալ ու գնալ ընտրությունների, որպեսզի մեր պետականության հեռանկարները դառնան լավը՝ նոր ընտրված իշխանություններով»,-ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930