Շևչուկը՝ Հայաստանի մասին. «Ձեր երկիրն անկասկած երաժշտական երկիր է»
Էստրադային երգերը մարմնի ստորին հատվածի հետ են ասոցացվում, իսկ ռոքը կարելի է բարձրացնել մինչև հարցին՝ լինե՞լ, թե՞ չլինել: Ռոքն ազատություն է: Նման համեմատություն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն արեց ռուսական լեգենդար «ДДТ» ռոք-խմբի լիդեր Յուրի Շևչուկը:
Հայաստանում գտնվելու այս երկու օրերի ընթացքում Շևչուկը համոզվել է՝ մեր երկրում երիտասարդներ կան, նրանք չեն հեռացել Հայաստանից՝ ինչպես իրեն տարիներ առաջ ներկայացրել էին: Շևչուկը հավաստեց, թե դեռ 1988 թ-ի երկրաշարժից հետո ցանկություն է ունեցել գալ Հայաստան, սակայն ոչ մի կերպ չի ստացվել: Երաժիշտը նշեց, որ ՀՀ-ն ունի հզոր մշակույթ, ավանդույթներ: Հարցին՝ կարո՞ղ է Հայաստանը կոչել «ռոքի երկիր», Շևչուկը խուսափողական պատասխան տվեց. «Ձեր երկիրն անկասկած երաժշտական երկիր է, բայց ռոքի հետ կապված դուք պետք է պատասխանեք այդ հարցին»:
Շևչուկը մի քանի անգամ նշեց, որ բարձր է գնահատում «հայ դուդուկին», հուշումից հետո հիշեց անունը՝ Ջիվան Գասպարյան: Ժամանակակից հայկական ռոքը «ДДТ»-ի հիմնադրին այնքան էլ ծանոթ չէ, բայց նրա խմբում երկար տարիներ նվագել է Արթուր Հովհաննիսյանը, համագործակցել է նաև Արթուրի եղբոր՝ Վազգենի, ազգությամբ հայ Ստաս Նամինի հետ: Վերջինիս հրավերով Շևչուկը Երուսաղեմում եղել է հայկական թաղամասում, հայ հոգևորականների հետ զրուցել Հայոց ցեղասպանության մասին:
Հիշեցնենք, որ վաղը երեկոյան ռոքի սիրահարները Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկարողանան կենդանի վայելել «ДДТ»-ի համերգը: Խումբը Հայաստանում է «MEZZO production»-ի հրավերով: