Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ
Մարտի 18-19-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացել է Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված բարձրաստիճան համաժողով, որին մասնակցել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
Համաժողովին մասնակցել են նաև ԵԽ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և գիտական ոլորտի ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում քննարկվել են սոցիալական իրավունքների կարևորության, խարտիայի դրույթների արդյունավետ իրականացման և ԵԽ դերակատարության հարցեր։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ներկայացնելով իրականացվող բարեփոխումները՝ սոցիալական աջակցության նոր համակարգ, թվայնացում, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, զբաղվածության և ժողովրդագրական քաղաքականություններ։
Նախարարի տեղակալը պանելային քննարկման ընթացքում ընդգծել է սոցիալական պաշտպանության համակարգերի մարդակենտրոն և ներառական թվայնացման կարևորությունը։ Երկկողմ հանդիպման ընթացքում ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կուլսի հետ քննարկվել են նաև սոցիալական աշխատանքի զարգացման և համայնքային ծառայությունների ընդլայնման հարցերը։



