Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով

Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կկատարի տված խոստումները և կիրականացնի Նախիջևանին անօդաչու թռչող սարքի հարվածի միջադեպի համապարփակ հետաքննություն և միջոցներ կձեռնարկի՝ բացառելու նման իրավիճակների կրկնությունը։ Այս մասին Էր Ռիադում արտգործնախարարների խորհրդակցական հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը սպասում է, որ իրանական կողմից տրամադրված երաշխիքները՝ միջադեպի համապարփակ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, կկատարվեն, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար»,- ասել է Բայրամովը։

Նախարարն ընդգծել է նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող լուրջ ճգնաժամին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ էսկալացիայի հետևանքները դուրս են գալիս առանձին երկրների շրջանակներից՝ ստեղծելով ավելի լայն տարածաշրջանային և գլոբալ ռիսկեր, սպառնալով քաղաքացիական բնակչության կյանքին և ենթակառուցվածքներին։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանի տարածքից թռչող անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Նախիջևանի ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով տուժել է չորս խաղաղ բնակիչ և զգալի վնաս է հասցվել կրիտիկական ենթակառուցվածքներին, ներառյալ տեղի միջազգային օդանավակայանը։

Տեսանյութեր

Լրահոս