Հայտնի են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցները
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 7-2 հաշվով վստահ առավելության հասավ անգլիական «Նյուքասլի» նկատմամբ:
Հանդիպման արդեն 6-րդ րոպեին Ռաֆինյան բացեց խաղի հաշիվը։ Հյուրերը 15-րդ րոպեին Էնթոնի Էլանգայի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը, սակայն 18-րդ րոպեին Մարկ Բեռնալը կրկին առաջ մղեց կատալոնացիներին։ 28-րդ րոպեին Էլանգան դարձավ դուբլի հեղինակ՝ ևս մեկ անգամ հավասարեցնելով հաշիվը։ Առաջին խաղակեսին ավելացված 45+7-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Լամին Յամալը։
Երկրորդ խաղակեսն անցավ «կապտանռնագույնների» բացահայտ առավելությամբ. 51-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերմին Լոպեսը, այնուհետև դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին (56-րդ և 61-րդ րոպեներ), իսկ հանդիպման վերջակետը 72-րդ րոպեին դրեց Ռաֆինյան՝ նույնպես դառնալով դուբլի հեղինակ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշվով ոչ-ոքի, և երկու խաղերի ընդհանուր 8-3 արդյունքով կատալոնական ակումբը վստահորեն նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց տանտերերի ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Խուլիան Ալվարեսը հավասարեցրեց հաշիվը։ Ընդամենը րոպեներ անց՝ 52-րդ րոպեին, Չավի Սիմոնսը կրկին առաջ մղեց լոնդոնյան ակումբին, սակայն 75-րդ րոպեին Դավիդ Հանցկոն խփեց մադրիդցիների երկրորդ գնդակը:
Թվում էր՝ խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն 90+1-րդ րոպեին Չավի Սիմոնսը, անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին»։
Չնայած այս պարտությանը՝ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը երկու խաղերի ընդհանուր 7-5 արդյունքով նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։
Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» և իտալական «Ատալանտայի» միջև պատասխան հանդիպումն ավարտվեց գերմանական գրանդի վստահ հաղթանակով՝ 4:1 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը երկրորդ խաղակեսում՝ 54-րդ րոպեին, կրկնապատկեց հաշիվը՝ ձևակերպելով դուբլ։ Ընդամենը երկու րոպե անց Լենարտ Կարլը խփեց մյունխենցիների երրորդ գնդակը, իսկ 70-րդ րոպեին Լուիս Դիասը հաշիվը դարձրեց ջախջախիչ։ Բերգամոյից ժամանած հյուրերին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. 85-րդ րոպեին աչքի ընկավ Լազար Սամարջիչը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև Իտալիայում կայացած առաջին խաղում նույնպես հաղթել էր «Բավարիան» (6:1): Այսպիսով, մյունխենյան ակումբն ընդհանուր 10:2 հաշվով դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։
Նշենք, որ նախորդ՝ փլեյ-օֆֆ փուլում «Ատալանտան» երկու խաղերի արդյունքում 4:3 հաշվով պայքարից դուրս էր թողել Դորտմունդի «Բորուսիային», իսկ «Բավարիան» ՉԼ-ի ընդհանուր փուլն ավարտել էր 2-րդ տեղում՝ իր ակտիվում գրանցելով 21 միավոր։
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով վստահ առավելության հասավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ:
Տանտերերի կազմում հաշիվը 25-րդ րոպեին բացեց Դոմինիկ Սոբոսլայը: Երկրորդ խաղակեսում մերսիսայդցիները ևս երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը. 51-րդ րոպեին աչքի ընկավ Հյուգո Էկիտիկեն, ընդամենը երկու րոպե անց՝ 53-րդ րոպեին, Ռայան Գրավենբերխը խփեց երրորդ գոլը, իսկ հանդիպման վերջակետը 62-րդ րոպեին դրեց Մոհամեդ Սալահը:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում անգլիական ակումբը նվազագույն հաշվով պարտություն էր կրել (0-1), սակայն այս հաղթանակի շնորհիվ երկու խաղերի ընդհանուր 4-1 արդյունքով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։ Քառորդ եզրափակիչում մերսիսայդցիները կհանդիպեն գործող գավաթակիր ՊՍԺ-ին։



