Եթե Խամենեին իրոք սպանվել է, ի՞նչ կարող է հետևել սրան․ «Իրանն այսօր»

«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Թրամփն ասում է՝ Խամենեին սպանվել է։ Եթե Խամենեին իրոք սպանվել է, ի՞նչ կարող է հետևել սրան․

1. Հնարավորինս «սահուն» սցենարները․ Փորձագետների խորհրդի կողմից ընտրվում է հաջորդ առաջնորդ։ Այս խորհրդի մասին այսօր գրել եմ այստեղ։

2. Երկրի ղեկավարությունն անցնում է Խամենեիի վստահած անձանց, նոր առաջնորդն ընտրվում է իրավիճակի հանդարտվելուց հետո։

3. Քաոսի տարբերակը․ ռազմական գործողություններից հետո երկրի քաղաքական, հոգևոր ու ռազմական էլիտայում կարող է սկսվել իշխանության համար ներքին պայքար կամ երկրի հետագա ընթացքի վերաբերյալ տարակարածություններ։ Դրա հետ կամ դրանից անկախ կարող են լինել զանգվածային ընդվզումներ, անկառավարելիություն, նոր առաջնորդի ընտրության հնարավորության բացակայում։

Բողոքի ալիք ամեն դեպքում կարող է լինել առաջին երկու սցենարի դեպքում ևս։

4. Արտաքին ազդեցություն․ իշխանության ձևավորմանը կարող են մասնակից դառնալ նաև արտաքին ուժեր՝ սատարելով այս կամ այն անձին ու խմբին։ Այդպիսի անձանցից կարող է լինել, օրինակ, վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Անկախ անձից՝ միջամտության առաջատարները լինելու են ԱՄՆ-ն և Իսրայելը, քանի որ երկու երկրներն էլ այս ռազմական գործողության համար նպատակ են հռչակել իրենց և իրենց շահերի համար անվտանգ ռեժիմ։

5. Շրջադարձային տարբերակը․ Իրանի ներսում երկրի կառավարման նոր մոդել են ստեղծում։ Բայց այս տարբերակն առայժմ քիչ հավանական է թվում։ Հանրության զգալի հատվածի կողմից ևս այս տարբերակը կարող է ընկալվել որպես նույն համակարգի շարունակում, այլ ոչ թե բարեփոխում, ուստի այս սցենարի դեպքում ևս ընդվզումները չեն բացառվում»։

Տեսանյութեր

Լրահոս