Ո՞Ր ՄԵՂՔԻՍ ՀԱՄԱՐ. Լևոն Ջավախյան

Գրող, արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Շվեդ ականավոր արվեստագետ Ինգմար Բերգմանն ասում էր` արվեստը ազատ է և անամոթ։ էդ սկզբունքով մի պատմվածք եմ գրել` ազատություն տալով կարողությանս, կոլորիտի մեջ անամոթ ներկայացնելով պատումը։

Գեղարվեստական իրավիճակներ կան, որտեղ վրիպված, ոչ նշանառու բառը թուլացնում է պատկերը։ Իսկ ի՞նչ է նշանակում գրականություն։ Ըստ ինձ ճշմարիտ գրակամությունն այն է, երբ ընդամենը ճիշտ բառը դրվում է ճիշտ տեղում, ինչպես ճիշտ քարն է դրվում ճիշտ պատի մեջ։ Չդնել բառը ճիշտ տեղում` կնշանակի կառույցը խախտել, հիմք դնել մի շինության, որը դեռ էն գլխից խախուտ է, փլման ենթակա։

Ես աներկբա այդ սկզբունքի հետևորդն եմ, որքան էլ բառը, թեկուզ և պատկերը դիտվի անամոթ։ Իսկ որտե՞ղ է իրական անամոթությունը…Արդյո՞ք անամոթության քողի տակ չեն ծնվում պտուղները։ Այն տեղի է ունենում Աստծո կամոք և Աստծո առաքած լույսի տակ։ Իհարկե, խոսքս չի վերաբերում գռեհկության և գարշության քարոզին։

Խոսքս վերաբերում է խիստ կատակային , հատկապես կոլորիտային իրավիճակներին, երբ պատումի այլ լեզվով ու այլ բառամթերքով շարադրումը վնասաբեր է նյութին։ Ես առողջ ծիծաղի կողմնակից եմ։ Իսկ եթե, տվյալ պատումը ինձ խինդ է բերում, ինչու՞ այն մեկ ուրիշին խուտուտ չի տալու։ Դե, ճաշակին ընկեր չկա։ Ոմանց համար դա ծիծաղ է, ոմանց համար էլ ամոթ ու պարսավանք։

Ամաչողներն էլ ինձ պարսավում են, խելքի դասեր տալիս, բացատրում, թե որն ինձ սազական է, որը` ոչ, ի՞նչ գրեմ, ի՞նչ չգրեմ, ո՞րն է բարոյական, որը՞ անբարոն… Եթե գիչը ձեռքիս ճանապարհին եմ, ապա ես լավ գիտեմ իմ ճամփան, ինձ առաջին հերթին առաջնորդում է գեղարվեստի մոգական հրաշքը և ոչ ամոթը, կամ անկարելին։ Ես միանգամայն ազատ եմ իմ գործողությունների մեջ։

Ընթերցողներն էլ ազատ են իրենց վերաբերմունքում` կարդա՞լ, թե՞ չկարդալ, բայց ոչ մի դեպքում խորհուրդով չդիմել ինձ, որպեսզի հրաժարվեմ նորածինից` առաջարկելով խեղդամահ անել առողջ պտուղը։
Պատմվածքը արդեն իսկ գրված է, պորտալարը կտրված, թող այժմ պտուղն ինքը որոշի` ապրի՞, թե՞ չապրի։ Ես այլևս անելիք չունեմ, ես լվանում եմ ձեռքերս։
Նման բախտի արժանացավ տակավին մեկ օր առաջ ,,Մեծերի կյանքից,, գրածս պատմվածքը։ Բրածեծ եղա։

Տեղատարափը դեռևս շաչունակվում է։ Իսկ կարելի է, չէ՞, գրողին մի այլ կերպ պատժել…
Պարզապես` չկարդալ…»:

 

Տեսանյութեր

Լրահոս