ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան գործարք է եղել Իրանի դեմ, որի դիմաց Ադրբեջանը պիտի ստանար Արցախը. Վարդան Հակոբյան
ԱՄՆ նախագահ Թրամփը չի ուզում խրվել պատերազմական իրավիճակի մեջ, սակայն նա շատ անկանխատեսելի է իր գործողություններում։ Շատ գործիչներ Միացյալ Նահանգներում հայտարարում են, որ արդեն այսօր՝ շաբաթ օրը, Միացյալ Նահանգները կարող է ռազմական հարված հասցնել Իրանին։ Իսկ Իրանին հարվածի դեպքում կպատռվի Փաշինյանի իշխանության դիմակն Իրանի հարցում։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ և քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Շատ բան կախված է Թրամփի ոճից, մեթոդներից, թե ինչպես նա կփորձի հարցը լուծել։ Իմ կարծիքով՝ Թրամփը չի ուզում, որ Միացյալ Նահանգները խրվեն ինչ-որ պատերազմական իրավիճակի մեջ, մանավանդ որ, բոլորը հասկանում են՝ եթե հանկարծ այնպես ստացվի, որ դիմադրությունը երկարի, դա քաղաքական մեծ հարված է հենց Թրամփին, և իր նախորդ քայլերից մենք տեսնում ենք Թրամփի ոճը՝ հեռահար հարված է հասցնում և հեռանում է, հայտարարում է, որ հարցերը լուծել է։ Այս անգամ իրավիճակը սրվում է Իսրայելի ճնշմամբ։ Հիմա իսկապես շատ դժվար է կանխատեսել Թրամփին, բայց շատ հնարավոր է, որ ինչպես շատերը Միացյալ Նահանգներում ասում են, որ արդեն այսօր՝ շաբաթ օրը, Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել։ Թե ինչ զարգացումներ կունենա, կարելի է, իհարկե, ենթադրություններ անել, բայց որ հարցը գնում է սրացման, դրանում կասկած չկա, և այս ընթացքում, եթե հանկարծ գործողություններ սկսվեն, շատ պարզ կդառնա որոշ այլ պետությունների դերակատարությունը»,- վերլուծում է դիվանագետը։
Վարդան Հակոբյանն առանձնացնում է հատկապես Ադրբեջանին վերապահված դերակատարությունն Իրանի դեմ ցամաքային ռազմական ներխուժման սցենարի դեպքում, եթե ԱՄՆ օդային հարվածները չհասնեն Թրամփի ակնկալած արդյունքին, այն է՝ Իրանում իսլամական վարչակարգի տապալմանը, և Իրանն էլ պատասխան հարվածներ հասցնի ամերիկյան ռազմաբազաներին։
«Շատ հավանական է, որ պարտադրվի որոշակի դերակատարում Ադրբեջանին և Հայաստանին»,- կարծում է քաղաքական վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում կպատռվեն՝ ինչպես Ալիևի, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմակներն Իրանի հարցում։
«Երբ Միացյալ Նահանգները խրվի Իրանում, և սկսվեն լուրջ պատերազմական գործողություններ, դիմակները պատռվում են, և Միացյալ Նահանգների ու Իսրայելի պլանավորած գործողությունները, ուզած թե չուզած, ցույց են տալու Ադրբեջանի դերն այդ ամենում։ Ադրբեջանի համար ավելի ցավոտ կլինի»,- նշեց զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Իրանի մյուս հարևանին՝ Թուրքիային, Վարդան Հակոբյանը հիշում է հայկական ժողովրդական հայտնի խոսքը՝ «երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»։
«Եթե հանկարծ Իրանում զարգացումները խորանան, Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, նույն Միացյալ Նահանգների դաշնակիցն է, կմտնի գործողության մեջ։ Իհարկե, Թուրքիան շատ լավ հասկանում է իր վիճակը, շատ լավ հասկանում է նաև, թե Միացյալ Նահանգներն ինչպես կարող է վարվել իր հետ։ Մի մոռացեք նաև Իսրայել-Թուրքիա որոշակի հակասությունները՝ հատկապես քրդական հարցում։ Այնպես որ, թուրքերը սպասում են և շատ զգուշավոր են»,- նշում է դիվանագետը։
Վարդան Հակոբյանի վերլուծությամբ՝ Իրանի դեմ տասնամյակներ շարունակ պլանավորված այս ծրագրում Ադրբեջանի դերակատարումը պետք է դիտել խորության մեջ՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանի այդ դերակատարումը ծրագրվել է վերջին 20 տարվա ընթացքում, և դրանում մեծ է Իսրայելի քաղաքական ազդեցությունը։ Վերլուծաբանի խոսքով՝ սա նախօրոք՝ տասնամյակներով պլանավորված համալիր ծրագիր է, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությունը։
Հենց այս լույսի ներքո է Վարդան Հակոբյանը դիտում Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում՝ 2018-ին, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սերտացումը և Արցախի բռնազավթումն ու հանձնումն Ադրբեջանին։ Ըստ նրա՝ Իրանի դեմ այս գործողությունները դեռ 2019 թվականին պետք է լինեին, պարզապես հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի և այլ պատճառներով։

«Կարելի է ենթադրել, որ գործարք է եղել Իսրայելի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։ Եղել է էսպիսի մի գործարք, որ դրա դիմաց Ադրբեջանը կստանա Արցախը, միջանցք և այլն, և մենք տեսնում ենք, որ այդ ժամանակներից սկսած՝ Ադրբեջանի զինումը, ծրագրերն իրականացվում են Թուրքիայի լայն աջակցությամբ, իսկ Հարավային Կովկասում ԱՄՆ կուրատորը Թուրքիան է։ Այստեղ նորից մի բան ավելացնենք, որ ամբողջ խճանկարը հավաքվի։ Հիշեք հայ-թուրքական արձանագրությունները։ Թուրքիան այն կուրատորն էր, որը պետք է կարգավորեր հարցերը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Այդ ժամանակվանից այդ գործընթացները գնում են, և Ադրբեջանը հույսը կապեց նրա հետ, և ինչպես տեսնում ենք՝ հասավ իր նպատակին։ Այդ երկրների օգնությամբ, փաստորեն, նրանք կարողացան կազմակերպել այդ պատերազմը և ոչ միայն՝ բռնազավթել Արցախը, այլև էթնիկ զտում անցկացնել՝ դուրս հանել արցախցիներին։ Նաև այստեղ գալիս է մեկ ուրիշ բան. Թրամփի գալուց հետո՝ 2018 թվականին, Հայաստանում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն, և իշխանության են գալիս իմքայլականները։ Հիշեք Բոլթոնի այցը և Բոլթոնի հրահանգները, և փաստորեն այդ գործին՝ հակաիրանական այս մեծ ծրագրին, ներգրավվեց նաև Հայաստանը՝ իհարկե, ավելի փոքր դերով, քան Ադրբեջանինն է»,- վերլուծում է դիվանագետը։
Վարդան Հակոբյանն այս լույսի ներքո է գնահատում նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ին՝ նշելով, թե Վենսը եկել էր 2018-ին առաջադրված խնդիրների կատարման ընթացքը ստուգելու՝ «ինսպեկցիա» իրականացնելու նպատակով։ Վերլուծաբանի խոսքով՝ Վենսը եկել էր, որ ստուգի՝ «արե՞լ եք, թե՞ ոչ»։

«Քո հանրապետության, քո ժողովրդի ուժերը, հնարավորությունները կծառայեցվեն այդ պատերազմը սպասարկելուն, դրա համար եմ ասում՝ Հայաստանը ենթակառուցվածքային դեր է ունենալու։ Նորից եմ կրկնում՝ Վենսը չի եկել որևէ բան քննարկելու, այդ ամենն արդեն քննարկված, արված է վաղուց, և երբ Ադրբեջանին հանձնեցին Արցախն այդ տարօրինակ պատերազմի միջոցով, ռուսներն էլ տեսան, որ տարօրինակ պատերազմ է, զորք մտցրեցին ու կանգնեցրեցին, բայց այդ պատերազմն ահավոր մի երևույթ էր, այսինքն՝ նախօրոք ծրագրած՝ ինչպես հանգիստ հանձնել ամբողջ Արցախը, և հանձնեցին՝ ինչպես նվազեցնել դիմակայությունն Ադրբեջանին, ինչպես զորքերը դասավորել այնպես, ռազմավարական կամ տակտիկական տեղաշարժեր անել, որ մարդիկ հանգիստ, զբոսնելով եկան, մտան Շուշի։ Այդ ծրագիրը նախօրոք էր արված, և միշտ ուղեղում ունեցեք Իրանի հարցը։ Բերեցին այս աստիճանին, և Վենսը ոչ թե եկել է ասելու՝ «էս արեք, էն արեք», Վենսը եկել է, որ ստուգի՝ «արե՞լ եք, թե՞ ոչ», ու մի հատ էլ մատ թափ տա, որ «հանկարծ եթե շեղվեք, ձեր վրա շատ ծանր է նստելու»»,- հավելեց Վարդան Հակոբյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



