ԲՈՂՈՔՆ ԱՐԴԱՐԱՑԻ Է. ԸՄԲՌՆՈՒՄ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ. ԲԺԻՇԿՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴ ԸՆԴՈՒՆԵԼ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Բժիշկները, բուժքույրերը և մայրապետներն արդեն մի քանի օր է՝ բարձրացրել են արդարացի բողոքի մեծ ալիք։ Բացի աշխատավարձերի զգալի ուշացումից, կան բուժաշխատողներ, որոնք ստացել են 2-3 անգամ ցածր վարձատրություն։

Այս ուշագրավ իրավիճակի մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

«Այս ֆոնին Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից «ըմբռնում» է խնդրում՝ պատճառաբանելով, թե համակարգը նոր է, հաշվարկների խնդիր է եղել, և այլն։ Իրականում սա ուղիղ ապացույց է, որ մենք անպատրաստ, չհաշվարկված և անհասկանալի ձևով ենք մտել մի համակարգ, որի ողջ բեռը դրվել է բուժաշխատողի վրա»,- իրավիճակը ներկայացրեց  առողջապահության ոլորտի փորձագետը:

Վերջինս հավելեց՝ այսօր բժիշկներ կան, որոնք ունեն բանկային վարկեր, երեխաների ուսման վճարներ, կենցաղային պարտավորություններ և հայտնվել են անելանելի վիճակում։ Կան բժշկական կենտրոններ, որոնք մինչ օրս աշխատավարձ չեն վճարել կամ վճարել են նախորդ ամսից էապես քիչ։

Կարդացեք նաև

«Անարդյունավետ և անհասկանալի կառավարման հետևանքով արդեն առաջացել են լուրջ խնդիրներ ոչ միայն բժշկական թիմի, այլև հիվանդների համար․ կան հերթեր, բժիշկները հրաժարվում են ընդունել, կա բաց դժգոհություն, որովհետև մարդիկ գիտեն, որ նույն աշխատանքի համար իրենց վարձատրությունը երեք անգամ նվազել է։ Ես անձամբ գիտեմ բազմաթիվ բժիշկների, որոնք հրաժարվում են աշխատելուց, կան բուժհաստատություններ, որտեղ գրվել են աշխատանքից ազատման դիմումներ։ Կադրային ճգնաժամը խորանալու է, իսկ երիտասարդ, օտար լեզվին տիրապետող բժիշկները լրջորեն մտածում են արտագաղթելու մասին»,- ասաց Անուշ Պողոսյանը:

«Մենք շուտով խնդրով դիմելու ենք Ազգային ժողով՝ պահանջելով խորհրդարանական լսումներ, որպեսզի այս գործընթացին տրվի համապարփակ, քաղաքական և մասնագիտական գնահատական և իրականացվեն իրական փոփոխություններ։ Հակառակ դեպքում առողջապահական այս կոլապսը ոչ միայն չի մեղմանալու, այլ օրեցօր խորանալու է՝ հարվածելով թե՛ բուժաշխատողին, թե՛ հիվանդին, թե՛ պետությանը»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս