Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշեց Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին նշեց, որ Իրանը շուրջ հինգ տասնամյակների ընթացքում մեծ ձեռքբերումներ է արձանագրել տնտեսական, ենթակառուցվածքների, գիտության, տեխնոլոգիաների, մշակութային և գեղարվեստական, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում։
«Թշնամանքը, պատժամիջոցները և պատերազմների հրահրումը չեն խանգարել Իրանի ժողովրդին շարունակել իր առաջընթացի ուղին։ Մեր երկիրը վերջերս դժվարին օրեր է ապրել, երբ ժողովրդի արդարացի և օրինական բողոքի ցույցերն ու պահանջները կազմակերպված տարրերի կողմից շեղվեցին և վերածվեցին բռնության՝ արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու և երկիրը քաոսի մեջ գցելու համար, սակայն Իրանի վեհ ժողովուրդը, որը հզոր ու պատմություն կերտոող քաղաքակրթության ժառանգորդն է, ցույց տվեց, որ երբեք թույլ չի տա, որ որոշները վտանգեն նրա անվտանգությունն ու ինքնությունը»,-ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Շիրղոլամին հիշեցրեց, որ այս տարի նշվում է ՀՀ-ի անկախության 35-րդ տարեդարձը, և հավելեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։
«Իհարկե, Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի շարունակականության դրսևորումն է։ Իրանի 150 000-անոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այդ անքակտելի կապի մասին»,- ասաց Շիրղոլամին։
Նա հավաստիացրեց, որ Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ արձանագրվել է արդյունավետ ու ձեռքբերումներով լի տարի։

«2025 թվականին երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով։ Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025 թվականի օգոստոսին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն էր Երևան։ Բացի այդ, մեծ թվով փոխադարձ բարձրաստիճան այցեր են կատարվել տնտեսական, քաղաքական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Անցած տարվա ընթացքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ, ինչպիսիք են համագործակցության վերաբերյալ 12 հուշագրերի ստորագրումը Իրանի նախագահի երևանյան այցի ընթացքում, հանդիպումների, քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, պաշտպանական հարաբերությունների բարձր մակարդակով զարգացումը, միջազգային կազմակերպություններում և հարթակներում փոխադարձ աջակցությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նոր փաստաթղթի մշակումը, համատեղ հյուպատոսական հանձնաժողովի 13-րդ նիստի անցկացումը, իրանական ընկերության կողմից Քաջարանի մեծ թունելի նախագծի մրցույթում հաղթող ճանաչվելը, 70 հոգանոց հայկական գործարար պատվիրակության ներկայությունը «Իրան էքսպո 2025» ցուցահանդեսում, ինչպես նաև Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի պատրաստումը, որը, հուսով ենք, կստորագրի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականին Թեհրան կատարելիք այցի ընթացքում»,- նշեց դեսպանը։
Դիվանագետի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը, չհաշված պաշտպանական ոլորտը, հասել է 698 միլիոն դոլարի, և երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է։
«Այսօր Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել, և երկու երկրների ղեկավարների միջև փոխադարձ վստահությունն այդ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հիմնական կապիտալն է։ Մենք պլանավորում ենք հարաբերությունները ինստիտուցիոնալացնել համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակում, որպեսզի գործառնական ճանապարհային քարտեզի շրջանակում համագործակցության թե՛ մասշտաբը, թե՛ խորությունը լրջորեն ընդլայնվեն»,- հավաստիացրեց Շիրղոլամին։
Դեսպանի խոսքով՝ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման և կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է։ Բացի այդ, իրանական կողմը կարևորում է հաղորդակցությունների զարգացումը և ապաշրջափակումը՝ տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային և տարանցիկ հնարավորություններից օգտվելու շրջանակներում։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում կա հսկայական տնտեսական ներուժ, որը փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունն ու սիներգիան կարող է ծառայեցնել տարածաշրջանի զարգացմանն ու բարեկեցությանը»,- ասաց Շիրղոլամին։
Նա վստահեցրեց, որ Իրանն իր ռազմավարությամբ ցանկանում է տեսնել ուժեղ, զարգացած և հարուստ Հայաստան։
«Երկարատև ավանդույթի, պատմական, քաղաքակրթական և մշակութային կապերի վրա հիմնված՝ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի աճի, զարգացման, առաջընթացի, ավելի մեծ փոխկապակցվածության և գործընկերության հստակ ուղի։ Երևանում Իրանի դեսպանությունը կձգտի իր դերն ունենալ այս հուսադրող տեսլականի իրականացման ուղղությամբ պետական պաշտոնյաների հետ սերտ կապերի և համագործակցության գործում։ Կեցցե՛ Իրանի և Հայաստանի բարեկամությունը»,- եզրափակեց Խալիլ Շիրղոլամին։



