Կարող է լինել այնպիսի իրավիճակ, որտեղ բեռների, երթուղիների և շարժի վերաբերյալ զգայուն տվյալները հայտնվեն արտաքին ուժերի ձեռքի տակ. Շիրազ Խաչատրյան

Հունվարի 14-ին հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակը։

Եվ, մասնավորապես, կառուցապատման իրավունքների տրամադրմանն առնչվող հատվածում նշվում է, որ Հայաստանը մտադիր է մասնավորապես ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները.

  • Պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում,
  • ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար,
  • պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ,

Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.

Կարդացեք նաև

  • Էներգետիկ ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ,
  • թվային ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային ցանցեր,

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, ԹՐԻՓՓ երկաթուղային և ճանապարհային բաղադրիչներն անմիջականորեն իրականացնելուն զուգահեռ, կստեղծի առանձին իրավական կառուցվածքներ մեծ ենթակառուցվածքային բաղադրիչների համար՝ կախված լրացուցիչ ուսումնասիրությունից և վերլուծությունից:

ԹՐԻՓՓՀայաստանԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ փաստաթղթում պնդում կա, որ՝

  • Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում,
  • Ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից,
  • Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում։

 Ավելին, նշվածով հանդերձ, Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում հայտարարել է, որ  «TRIPP-ն առաջին հերթին ներդրումային ծրագիր է, այսինքն, քաղաքականությունը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում», այնուամենայնիվ, հրապարակված փաստաթղթում կարող են լինել քաղաքական, տնտեսական և անգամ ռազմական ռիսկեր, մասնավորապես՝ արդյո՞ք խնդիրներ չեն ծագելու զենքի տեղափոխման հարցում:

TRIPPի իրականացման շրջանակի համատեքստում անվտանգային  կարևորագույն  հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

«ԹՐԻՓՓ-ի Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունն այնպիսի լեզվով է ձևակերպված, որ առաջին հայացքից թվում է, թե փորձ է արվում  կանխարգելել ինքնիշխանության վերաբերյալ բոլոր հնարավոր մտահոգությունները։ Փաստաթղթում այնքան են կրկնվում «խաղաղություն», «լիակատար ինքնիշխանություն», «իրավազորության պահպանում» և այլ ձևակերպումները,  որ կարծես բովանդակությունը զուտ այդ շեշտադրումների շուրջ է, ոչ թե այն ինչ-որ «ռազմավարական» փաստաթուղթ է։

Այս հայտարարության առաջին և ամենախորքային ռիսկը, ինչպես բազմիցս նշել ենք, կապված է նախագծի սեփականության և կառավարման մոդելի հետ։ Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական ենթակառուցվածքները նախնական 49 տարով՝ հետագա երկարաձգման հեռանկարով, հանձնվում են, այսպես ասած,  հատուկ ստեղծվող զարգացման ընկերությանը, որտեղ վերահսկիչ բաժնեմասի  74 տոկոսն ամերիկյան կողմին է պատկանելու։ Դա նշանակում է, որ Հայաստանի տարածքում գտնվող առանցքային տրանսպորտային, էներգետիկ և թվային հանգույցների օպերացիոն կառավարումը տասնամյակներով դուրս է գալիս պետական անմիջական վերահսկողությունից և կենտրոնացվելու է արտաքին գերիշխող ազդեցություն ունեցող կառույցների մեջ։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ամերիկյան վերահսկիչ բաժնեմասի առկայությունն ինքնին չի երաշխավորում դրա կապիտալի թափանցիկ ծագումը։

Որպես կանոն` ժամանակակից ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է բազմաղբյուր ներդրումային մոդելներով, որտեղ ամերիկյան հարթակները հաճախ գործում են՝ որպես տարբեր երկրների կապիտալի միավորումներ։ Այս պայմաններում չի կարելի բացառել, որ ամերիկյան բաժնեմասի ներսում կարող են ներգրավված լինել նաև այլ դերակատարների, այդ թվում՝ տարածաշրջանային ուժերի (օրինակ՝ ադրբեջանական ու թուրքական կապիտալ) ներդրումներ, ինչը կձևավորի ազդեցության անուղղակի լծակներ Հայաստանի տարածքում իրականացվող ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ։

Թեև հայտարարության մեջ անընդհատ շեշտվում է, որ իրավական տեսանկյունից Հայաստանը պահպանում է բոլոր իրավասությունները, բայց այս մոդելի դեպքում իրական վերահսկողությունը կենտրոնացված է ոչ թե պետության, այլ մասնավոր օպերատորի մոտ»,- մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է հատուկ բեռների  տեղափոխման խնդրին, Շիրազ Խաչատրյանը նշեց, որ նման «զգայուն և սկզբունքային հարցերի» համար նախատեսված Հայաստան-ԱՄՆ համատեղ կոմիտեն ստեղծում է մի իրավիճակ, որտեղ հատկապես անվտանգությանը, տարանցման ռեժիմներին կամ հատուկ բեռներին վերաբերող հարցերը կարող են դառնալ քաղաքական բանակցությունների առարկա, այլ ոչ թե Հայաստանի միակողմանի որոշում։

«Երկրորդ խոշոր ռիսկային շերտը վերաբերում է սահմանային և մաքսային կառավարման գործառնական մոդելին։ «Ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» համակարգերում իրավական որոշումը կարող է մնալ պետության ձեռքում, սակայն օպերացիոն մակարդակում հենց օպերատորն է որոշում, թե ո՞ր բեռը ե՞րբ է շարժվում և ո՞րն է ենթարկվում երկարատև կանգառի։

Տեսականորեն դրանք նախատեսված են, այսպես ասած, արդյունավետություն ապահովելու համար, սակայն քաղաքական կամ արտաքին ճնշումների պայմաններում կարող են հեշտությամբ վերածվել  թիրախավորման գործիքի՝ որոշակի կատեգորիաների բեռները համակարգված կերպով դասելով «բարձր ռիսկի» խմբում։ Արդյունքում ձևավորվելու է կայուն սահմանափակման ռեժիմ, որն արտաքինից ներկայացվում է՝ որպես զուտ տեխնիկական ընթացակարգ։

Հաջորդ առավել խորքային վտանգը կապված է տվյալների և թվային ենթակառուցվածքների հետ։ ԹՐԻՓՓ-ը նախատեսում է լայնածավալ թվայնացում, օպտիկամանրաթելային ցանցերի զարգացում և տեղեկատվական համակարգերի ինտեգրում։ Թեև նշվում է, որ տվյալները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո, քաղաքական և աշխարհաքաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ նման նախագծերը հաճախ ուղեկցվում են տվյալների փոխանակման շրջանակների աստիճանական ընդլայնմամբ՝ անվտանգության, թափանցիկության կամ արդյունավետության հիմնավորումներով։ Սա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որտեղ բեռների, երթուղիների և շարժի վերաբերյալ զգայուն տվյալները հայտնվում են արտաքին ուժերի ձեռքի տակ։

Մյուս և ամենազգայուն հարթությունը վերաբերում է սպառազինությունների, ռազմական կամ երկակի նշանակության բեռների տեղափոխմանը, ինչի մասին վերևում ակնարկեցինք:  Թեև փաստաթուղթը բաց տեքստով չի սահմանափակում նման բեռների տարանցումը, ենթակառուցվածքի կառավարման մոդելը ստեղծում է մի շարք անուղղակի սահմանափակման մեխանիզմներ։ Քանի որ նման կառույցները գտնվում են ԱՄՆ վերահսկողության ներքո, դրանք ենթակա են ամերիկյան պատժամիջոցային և արտահանման կանոններին, ինչի հետևանքով որոշ բեռներ կարող են սահմանափակվել՝ անկախ Հայաստանի քաղաքական դիրքորոշումից։ Այս ամենին հավելվում է նաև «համակարգված սահմանային կառավարում հարևան երկրների հետ» ձևակերպումը, որը բացում է արտաքին վետոյի լրացուցիչ հնարավորություն»,- շարունակեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, եթե սահմանային ռիսկերի գնահատումն ու ընթացակարգերի ներդաշնակեցումն իրականացվում են բազմակողմ ձևաչափով, ապա ցանկացած հարևան պետության քաղաքական դիրքորոշում կարող է անուղղակիորեն ազդել Հայաստանի տարածքով ընթացող տարանցման վրա։

«Վերջապես, ԹՐԻՓՓ-ի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ ու այստեղ ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությամբ, այլև տարածաշրջանային և գլոբալ զարգացումների ընդհանուր դինամիկայով։ Այդ շղթայում ցանկացած փոփոխություն կամ խզում կարող է վերածվել օպերացիոն սահմանափակումների հենց Հայաստանի տարածքում՝ առավել խոցելի դարձնելով Սյունիքը և տարանցիկ ենթակառուցվածքների գոտիները»,- ամփոփեց Շիրազ Խաչատրյանը:

Ի դեպ, 2025 թվականի սեպտեմբերին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էին՝ «Թրամփի ուղիով» Ադրբեջանը զենք, զինամթերք կարողանալո՞ւ է տեղափոխել Նախիջևան, զորք անցնելո՞ւ է, թե՞ ոչ, և ի՞նչ ռիսկեր է դա պարունակում, ինչին ի պատասխան՝ նա հիշեցրել էր փոխադարձության սկզբունքի մասին և շարունակել.

«Եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է նաև Ադրբեջանի դեպքում: Պետք չէ «Կիկոսի մահի» մեջ մեր կյանքը մեկնաբանել: Ես բազմիցս ասել եմ, որ այդ մանրամասների շուրջ պայմանավորվածություն չունենք, մենք ունենք սկզբունքներ և մենք մեզ հարց պետք է տանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով: Մենք ուզո՞ւմ ենք դա, թե՞ չենք ուզում:

Մեր իրականության մեջ կա այդ պրոբլեմը, մենք, ընդհանրապես, խոսում ենք ուրիշների մասին, բայց չենք խոսում մեր մասին: Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ մենք չենք ուզում Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանել երկաթուղով և հետ բերել, կորդեգրենք համապատասխան բանաձև, և այդպես շարունակ»:

Արդյո՞ք ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակում կարող ենք գտնել այս հարցի պատասխանը և այն էլ՝ փոխադարձության սկզբունքով: Ավելի կոնկրետ՝ արդյո՞ք հրապարակված փաստաթուղթը բացառում է Ադրբեջանի կողմից զենք-զինամթերք Նախիջևան տեղափոխելը, ի վերջո, Ադրբեջանի տարածքում օտար ընկերություն չի գործելու:

Տեսանյութեր

Լրահոս