Գանձարանի «դատարկությունը», ՀՀ պարտքի վերակառուցումը և միջազգային կառույցների խտրական վերաբերմունքը՝ Ատոմ Ջանջուղազյանի մեկնաբանությամբ
168.am-ի զրուցակիցն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
– Պարոն Ջանջուղազյան, գյուղատնտեսությանը կարկուտի հասցրած վնասի հետևանքները վերացնելու համար դրամահավաք են սկսել, մի՞թե մեր գանձարանն այդքան դատարկ է:
– Չէ, դրանք տարբեր բաներ են: Նախ՝ այդ «դրամահավաք» արտահայտությունն այնքան էլ սրտովս չի, և բերեք դա չնույնացնենք պետության հետ:
– Բայց, ամեն դեպքում, դա պետության նախաձեռնությամբ է:
– Թույլ տվեք այնքան էլ չհամաձայնել, որովհետև պետության նախաձեռնությամբ պետական գործիքը բյուջեն է: Եվ այն, ինչը պետբյուջեից չի հատկացվում, դրանք բոլորն այլ հարթությունում են: Դա եղել է կոչ, հորդոր, և կարող է լինել ցանկացած դեպքում: Սա արտառոց բան չէ և ամենևին գանձարանի դատարկության մասին չի վկայում: Ընդհանրապես, գանձարանի դատարկության մասին խոսելը հիմա տեղին չի 2 պատճառով. մենք ունենք արդեն ավելի քան 2 տասնամյակի պատմություն, և, ենթադրում եմ, որ մեր գիտակցությունը հասել է այն աստիճանի, որ կարողանանք գնահատել, թե ինչ է նշանակում՝ դատարկ կամ ոչ դատարկ գանձարան: Բյուջեն փոխզիջում է հասարակության տարբեր շերտերի, տնտեսության տարբեր ճյուղերի մեջ: Դա երբեք չի կարելի գնահատել անսահման տարածք, և չենք կարող հավակնել, որ բյուջեն կարող է բավարարել հասարակության բոլոր շերտերի բոլոր պահանջները: Այդ պահանջներն անհամեմատ ավելի առաջանցիկ տեմպերով են աճում, քան բյուջեն կարող է իրեն թույլ տալ: Եվ դա հայաստանյան ֆենոմեն չի, միայն մեզ չի վերաբերում, ամբողջ աշխարհի պետություններին է վերաբերում, օրինաչափ է: Գանձարանի դատարկ լինլը հարաբերական է՝ կարող է բավարար միջոց չունենալ այս կամ այն ծրագիրը ֆինանսավորելու համար, բայց դա չի նշանակում, որ դատարկ է: Այսինքն՝ այն, ինչ նախատեսված է բյուջեում, դրա համար ավելի քան բավարար միջոցներ առկա են, որ իրականացվեն ամբողջությամբ: Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ դա իսկապես խնդիր է եղել՝ բյուջեով նախատեսված են եղել ծրագրեր, ստանձնել ենք պարտավորություններ, բայց բավարար չափով դրամական միջոցներ չեն եղել տարբեր պատճառներով՝ եկամուտները բավարար չեն հավաքվել, արտաքին խոստացված աջակցությունը ժամանակին կամ ընդհանրապես չի ստացվել: Արդյունքում՝ կուտակվել են բյուջետային պարտքեր, որոնք հետագայում մարվել են, և բյուջետային կարգապահությունը հասցվել է այն աստիճանի, որ պարտքեր այլևս չկուտակվեն: Այսօր մենք ունենք աշխարհում գոնե մեր կարգի երկրների մեջ լավագույններից մեկը գնահատվող բյուջեի կատարման համակարգ: Դա թող անհամեստություն չթվա, դա միայն մեր գնահատականը չի: Կա բավարար չափով կարգապահություն, և չենք կարող ստանձնել ֆինանսական պարտավորություններ, որոնք բյուջեով նախատեսված չեն, կա դրամական հոսքերի կառավարման բավական գործուն մեխանիզմ, որը թույլ է տալիս ապահովել այդ ստանձնած պարտավորությունների դիմաց վճարումները ժամանակին և ամբողջ ծավալով:
– Գազի թանկացման արդյունքում հաշվարկներ կա՞ն՝ բյուջեի մուտքերն ինչքանո՞վ են ավելանալու:
– Ես այդ հարցի ճիշտ հասցեատերը չեմ: Ֆինանսների նախարարությունն ըստ վճարողների առանձնացված հաշվառում չի իրականացնում:
– Նշեցիք, որ արդեն 10 տարուց ավելի չկա դեպք, երբ արտաքին աղբյուրներից խոստացված միջոցները չվճարվեն…
– Հիմա ունենք բոլորովին այլ իրավիճակ. չունենք բյուջեում նախատեսված որևէ դրամական միջոց արտաքին աղբյուրից, որը ստացված չլինի: Նպատակային ծրագրերի համար հատկացվող վարկերն ու դրամաշնորհների ստացման աստիճանը կախված է ծրագրի կատարման աստիճանից: Նախադեպ չկա, որ ծրագիր կատարվի, վճարումը՝ ոչ: Բյուջեի աջակցության վարկերի կամ դրամաշնորհների հետ կապված ունեցել ենք ժամանակային լագ՝ հետաձգումներ: Օրինակ՝ 2011-ին մենք ունեինք նախատեսված ֆինանսական աջակցության ծրագիրը, որի 35 մլն-ը դրամաշնորհ էր, 65 մլն-ը՝ վարկ: Դրանց ստացումը գործընթաց է, տևում է 6 շաբաթ, և ժամանակային հետաձգման հետևանքով վարկը ստացանք 2012-ի հունվարին: Այսինքն, ամբողջությամբ ստացանք, բայց հարցն այն էր, որ տարի փոխվեց, և 2011-ին նախատեսված վարկը ստացանք 2012-ին: Դա խնդիր չառաջացրեց, որովհետև մենք ունեինք բավարար միջոցներ: Վերջին տարիներին նախադեպ չի եղել, որ բացի ժամանակի հետաձգումներից՝ ընդհանրապես չստանանք:
– Սակայն ՀՀ-ի նման այլ երկրներ ավելի շատ դրամաշնորհներ են ստանում, քան Հայաստանը: Ինչո՞ւ են միջազգային կառույցները Հայաստանին ավելի քիչ օժանդակում դրամաշնորհների տեսքով և ավելի շատ վարկեր են տալիս:
– Պետք է հակադարձեմ՝ իսկ ինչի՞ է պետք, որ Հայաստանին ավելի շատ օգնեն: Հայաստանը պետք է ձգտի այնպիսի երկիր դառնալ, որ ինքը մտածի մյուսներին օգնելու մասին: Այսինքն՝ հույսը չպետք է դնի օգնությունների վրա: Ես այն կարծիքին չեմ, որ դրամաշնորհի ստացումը լավ բան է:
– Խնդիրն այն է, որ այլ աչքով են նայում:
– Դե՛, դա մեկնաբանության հարց է՝ հիմա ով ինչ աչք ունի, այդ աչքով էլ նայում է: Ես կարծում եմ, որ ավելի տրամաբանական է, որ ձգտես չունենալ: Հիմա ՀՀ-ն մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով գնահատվում է միջին-ցածր եկամուտ ունեցող երկիր, ի տարբերություն 2 տարի առաջվա, երբ ՀՀ-ն համարվում էր ցածր եկամուտ ունեցող երկիր: Հնարավոր է՝ դա էլ պատճառներից մեկը լինի: Համենայն դեպս, որ դա ազդում է, որ այլևս արտոնյալ պայմաններով վարկեր չտրամադրեն, դա հաստատ է: Համաշխարհային բանկի կողմից նպատակային ծրագրերի իրականացման համար IDA պայմաններով տրամադրվող վարկերը հիմա դադարեցվելու են: Եվ այդ քաղաքականությունը ոչ միայն ՀՀ-ի նկատմամբ է, այլ բոլոր երկրների, որոնց 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն միջին-ցածր եկամտի չափ է (մոտ 3000 դոլար), այլևս հավակնություն չի կարող ունենալ այդ պայմաններով վարկ ստանալու:
– Մոտ կես տարի առաջ Դուք ասել էիք, որ ԱՄՀ տված վարկերը վերակառուցելու նպատակով բանակցություններ պետք է տարվեն, քանի որ դրանք ամենածանրն են: Վերակառուցման մեխանիզմը ո՞րն է՝ եղածի պայմաննե՞րը փոխվեն, թե՞ ավելի լավ պայմաններով նոր վարկ հատկացվի՝ հինը մարելու համար:
– Իհարկե հնարավոր է, ընթացքի մեջ է, և երկու տարբերակն էլ աշխատող է: Իրականում անհանգստանալու բան գոնե այս փուլում ես չեմ տեսնում, որովհետև բոլոր այն ծախսերը, որոնք կապված են պետական պարտքի սպասարկման հետ, ամբողջությամբ նախատեսվում են մեր առաջիկա ծրագրերում՝ միջնաժամկետ ծախսային ծրագրում, պետական պարտքի ռազմավարությունը շուտով կլինի, կարող եք նայել, բոլորը նախատեսված է: Այսինքն՝ չկան աներևակայելի մեծ բաներ, որոնք դուրս են մեր հոսքերի տրամաբանությունից, և դա անիրականանալի է, այսինքն՝ չի սպասարկվելու: Գոնե այսօր տեսանելի պետական պարտքի համար չկա որևէ ռիսկ: