Բաժիններ՝

«Հայջրմուղկոյուղին» անհիմն կերպով սպառողին զրկել է ջրամատակարարումից. ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրեց

«Ապակեմեկուսիչ» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հայտնելով, որ «Հայջրմուղկոյուղին» անհիմն կերպով ջրազրկել է իրենց կազմակերպությանը: Ընկերությունը նշել է, որ «Հարավային» մասնաճյուղի «Սևան» տեղամասի կողմից իրենց ներկայացվել է 2012 թ-ի մայիս ամսվա ջրի ծախսը, որը կազմում է 1272 խմ, այն դեպքում, երբ, սկսած 2005-ից ընկերության միջին ամսեկան ծախսը չի գերազանցել 40-50 խմ-ը: Պարզվել է, որ վերոնշյալ խնդիրն առաջացել է ցանցում առաջացած վթարի հետևանքով: Սակայն, առանց պարզելու վթարի հետևանքները, «Հայջրմուղկոյուղին» ապամոնտաժել է ընկերությանը պատկանող հաշվիչը, քանի որ վերջինս չի վճարել 1272 խմ ջրի դիմաց:

Ինչպես այսօր ՏՄՊՊՀ նիստում նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դադարեցնելով ընկերության ջրամատակարումը, «Հայջրմուղկոյուղին» թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ի սկզբանե սխալ են կատարվել ջրամատակարաման տեխնիկական միացումները, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Ջրմուղը պարտավորվել է տեղադրել նոր հաշվիչ և վերականգնել ընկերության ջրամատակարումը: Ընկերությունն ընդունել է սխալը և պարտավորվել սեղմ ժամկետներում լուծել խնդիրը: Նկատի ունենալով իրավախախտման բնույթը, ինչպես նաև իրավախախտման փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի, ՏՄՊՊՀ որոշմամբ, «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը տրվեց նախազգուշացում՝ հետագայում նման գործելաոճից զերծ մնալու հանձնարարականով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս