Բաժիններ՝

Բանդայի գործով վկաները պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդայի գործով այսօրվա նիստում ցուցմունքներ տված երկու վկաներն էլ հայտարարեցին, որ մանրամասներ չեն հիշում, սակայն պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները:

Ոստիկան Վահե Եփրեմյանը պարեկային մեքենայով հանդիպել է հետախուզվող բրոնզագույն Ջիփ մեքենան, որը գտնվում է Երևանի Ռոստոմյան-Արցախի փողոցների խաչմերուկում: Վկան չի նկատել ովքեր են եղել մեքենայի մեջ՝ չէր երևում, մեքենան «արագության տակ անցավ»: Վկան չէր հիշում ո՞ր տարվա ո՞ր օրն է տեսել մեքենան, սակայն հիշում էր, որ լուսաբաց էր: Նա հայտարարեց, որ նախաքննության ընթացքում ճշմարտությունն է ասել և խնդրեց դատարանին հիմնվել այդ ցուցմունքի վրա:

Վկա Ռազմիկ Մկրտչյանը հայտնեց, որ ինքը ճանաչել է Գուգոյին, ով իր հորեղբոր հետ մտերիմ էր (ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին՝ վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա:) Գուրգենն իրեն ի պահ է տվել երկու պայուսակ, որոնք չի բացել, սակայն ոտքի հպումից եզրակացրել է, որ դրանում հագուստ էր, ապա ավելի ուշ Գուրգենն իր մոտից վերցրել է պայուսակները: Գուրգենի հետ տեսել է Արթուրին («Փաստինֆո». ամբաստանյալ Արթուր Մանուկյանին), նրան տեսել է նաև հոգեբուժարանում, որտեղ իր ընկերն էր բուժում ստանում: Այս վկան ևս պնդեց իր նախաքննական ցուցմունքները:

Դատարանում հրապարակվեցին երկու այլ վկաների՝ Անահիտ Մկրտչյանի ու Հրայր Մարգարյանի նախաքննական ցուցմուքները՝ նրանց դատարան հրավիրելու հնարավորությունները սպառվել են: Առաջինի հարևանը հայտնել էր, որ Ա.Մկրտչյանը 5 տարի է, ինչ չի բնակվում դատարանին հայտնի հասցեում, իսկ Հ.Մարգարյանի վերաբերյալ ոստիկանությունից հայտնել են, որ նա ոստիկանությունում աշխատանքից դուրս է եկել և մեկնել ՌԴ: Անահիտ Մկրտչյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ վարձակալության են տվել իրենց բնակարանը վերոհիշյալ Գուրգենին, հետագայում մահճակալի տակից փամփուշտներ են հայտնաբերել: Իսկ ոստիկանը հայտնել էր, որ իրենք հետապնդում էին հանցանք կատարելու մեջ կասկածվող երկու երիտասարդի, նրանցից մեկը՝ Արթուր Մկրտչյանը, մեքենայից դուրս գալով, փորձեց փախուստի դիմել, բարձրացավ սարը, ապա «իր նետեց», ոստիկանի կարծիքով՝ ատրճանակ, ապա բերման ենթարկվեց ոստիկանների կողմից:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս