ՀՀ-ն շատ ոլորտներում ասոցացվում է ԵՄ-ին, ինչն անդրադառնում է ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառության ծավալների վրա. Արեշև
ՌԴ փոխվարչապետ Օլեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև: Ըստ նրա, երկու դաշինքներում միաժամանակ մնալն անհնար է:
«Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է: Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել է Օվերչուկը։ Վերջինս նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունն այս տարի զգալիորեն նվազել է: «Անցյալ տարի մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12,4 միլիարդ դոլար: Այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար: Սա շատ զգալի անկում է»,- պնդել է ՌԴ փոխվարչապետը։ Օվերչուկը հարկ է համարել հավելել, թե «ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց»:
Օրերս էլ Գերմանիայում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ իշխանությունների համար նպատակ չէ, իսկ ԵՄ անդամակցությունը նպատակ է։ Նա նշել էր, թե հասկանում են, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցություն հնարավոր չէ, և հասկանում են, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Սակայն այսօր, նրա որակմամբ, այդ կետը չէ, որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։
«Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել-հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք։ Հիմա հարց է առաջանում. Ինչո՞ւ ենք մենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենք ընդունել։ Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։
Ի՞նչ է նշանակում՝ լինել ԵՄ անդամ պետություն։ Դա նշանակում է՝ բոլոր ոլորտներում համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չնք համապատասխանում, մենք չենք կարող ԵՄ անդամ դառնալ։ Հետևաբար՝ այդ ճանապարհին առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ-ին անդամագրվելու հարցով»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ այդ ժամանակ երկու տարբերակ կա. կամ կընդունեն, կամ չեն ընդունի ԵՄ։
«Ընդ որում, կարող է լինել այնպես, որ ԵՄ-ն չի ուզում այլևս ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունե՞ն ԵՄ, թե՞ չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որովհետև եթե այդ պայմաններում մենք դառնանք ԵՄ անդամ՝ շատ լավ, եթե չենք դառնա՝ էլի շահած դուրս կգանք, որովհետև կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն»,- ասել է Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց՝ այն, որ ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև, հասկանում են բոլորը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները: Հարցը, նրա խոսքով, այն է, որ ՀՀ-ն չի լքում ԵԱՏՄ-ն, քանի որ կոնկրետ շահեր ու օգուտներ ունի այդ կազմակերպությունում, որից պատրաստ կլինի դուրս գալ այն դեպքում, երբ հնարավոր լինի ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին:
«Իսկ նման հեռանկար, կարծում եմ՝ չկա, դա ևս բոլորը հասկանում են: Սակայն պատճառաբանելու համար ՀՀ եվրոպական ինտեգրացիայի ռազմավարական ընտրությունը, ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամակցության հարցը դուրս բերել այդ հարաբերությունների օրակարգից, քանի որ ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատման վերջնանպատակն այդ հանրույթի մասը դառնալու նպատակն է: Այդ նպատակը ՀՀ իշխանությունների դեպքում առկա է, բայց դրա հնարավորություն գրեթե չկա: Եվ դա սկսում են հասկանալ, սակայն եվրոպական ինտեգրացիայից հրաժարվելու մտադրություն այս փուլում չկա»,- ասաց Անդրեյ Արեշևը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն մնում է, նրա խոսքով, Հայաստանի համար անայլընտրանք ուղղություն, դա է պատճառը, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մասնակցել աշխատանքներին և ԵԱՏՄ-ն չեն արժանացնում նույն ճակատագրին, ինչ ՀԱՊԿ-ը:
«Ռուսաստանն իր հերթին՝ զգուշացնում է պարզապես, որ համադրել ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն հնարավոր չէ: Ռուսաստանը նաև հստակ նշում է, որ առևտրաշրջանառության ծավալները փոխվել են, որպեսզի պարզ լինի, թե արտաքին քաղաքական ընտրությունն ինչ կոնկրետ արդյունքներ կարող է ունենալ: Եվ բազմիցս ասվել է, որ ԵԱՏՄ առևտրաշրջանառության ստանդարտները համադրելի չեն ԵՄ ստանդարտների հետ, իսկ ՀՀ-ն փորձում է ասոցացվել բոլոր ոլորտներում ԵՄ-ի հետ, ինչն անընդհատ ունենալու է հետևանքներ ՀՀ-ԵԱՏՄ համագործակցության ու առևտրաշրջանառության ծավալների վրա»,- նշեց վերլուծաբանը:



