Եթե երեխան Իտալիա է որդեգրվում, հայտարարվում է՝ վաճառված, իսկ եթե Ֆրանսիա, Շվեյցարիա, ԱՄՆ՝ որդեգրված. Դատախազության և Քննչականի «ճիշտը»

Շուրջ 2 տարի առաջ 168.am-ը սկսեց հետաքրքրվել 2018թ.-ին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո փչված առաջին փուչիկներից թերևս ամենահնչեղներից մեկի ճակատագրով՝ այսպես կոչված՝ ապօրինի որդեգրումների կամ նախկինները «երեխա են ծախել» ահազարհուր գործով, որը արդեն տևական ժամանակ դատարանում է, և որի վերջը չի էլ երևում:

Այս թեմայով մենք մի քանի ծավալուն հրապարակումներ ենք արել, որոնցում ցույց ենք տվել գործի սնանկությունը, քննության ընթացքում թույլ տրված կոպտագույն սխալները, որոնք դիտավորություն են հիշեցնում, խոսել ենք օրենսդրական բացերի, «որդեգրման գաղտնիքի»՝ իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի բացահայտման ու դրա անհետևանք մնալու մասին, տարբեր փոխկապակցած կառույցների դերակատարության ու վարույթը միտումնավոր առկախելու, մեղավորների փնտրտուքների ու քավության նոխազներ գտնելու մասին:

Մեր հրապարակումներից մեկում՝ դեռևս 7 ամիս առաջ, գրել էինք այն մասին, որ 2023թ. մարտի 22-ին ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սամվել Հակոբյանը  «Լուրերի» հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ 437 նորածնի վաճառք է տեղի ունեցել 25 հազար և ավելի դոլարի դիմաց: Եվ սա ասել էր մեկը, ով այդ գործով չուներ գեթ մեկ մեղադրյալ:

Հարցազրույցից՝ շուրջ չորս տարի և մեր հրապարակումից՝ 7 ամիս անց 168.am-ը կրկին հետաքրքրվեց Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա «ապօրինի որդեգրումների» ճակատագրով, ցանկացանք հասկանալ՝ ի վերջո, այդ երկրներ 437 երեխայի  «վաճառքն» ի՞նչ հետևանքներ ունեցավ, կա՞ արդյոք մեղադրյալ/ներ, ի՞նչ փուլում է գործի քննությունը:

Կարդացեք նաև

Այդ նպատակով մենք գրավոր հարցումներ ուղարկեցինք ՀՀ Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե:

Նոյեմբերի 4-ին Գլխավոր դատախազությանը հարցրել էինք՝

«2023 թվականի մարտի 22-ին ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սամվել Հակոբյանը հայտնեց, որ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ, բացի Իտալիայից, երեխաների վաճառք է իրականացվել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա:

Բացի այդ, նշվեց նաև, որ կա արդեն մեկ մեղադրյալ, որը զբաղվել էր դեպի Ֆրանսիա և ԱՄՆ որդեգրություններով:

Խնդրում եմ հայտնել՝ դեպի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա, ըստ դատախազության պաշտոնյայի, վաճառված երեխաների վերաբերյալ արդյոք կա՞ն հարուցված քրեական գործեր, եթե այո, ապա ի՞նչ փուլում են գտնվում, եթե ոչ, ապա ի՞նչ հիմքով չեն հարուցվել և/կամ կարճվել:

Խնդրում եմ նշել հարուցված բոլոր գործերի համարները:

Սամվել Հակոբյանը նաև նշել է, որ երեխաների որդեգրման համար Հայաստանում օրենքով սահմանված ծախսերը չեն գերազանցում 100 հազար դրամը: 10 տարի գործակալությունը ղեկավարած Արգամ Ստեփանյանը, դատախազի խոսքով, տեղյակ լինելով այդ մասին և գիտակցելով, որ յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար փոխանցվում է միջինը 20 հազար եվրո, ստորագրել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման հիմնավորվածության և որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին եզրակացություններ:

Խնդրում եմ հայտնել՝ յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար ինչքա՞ն գումար է տրամադրվել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Շվեյցարիայի և Իտալիայի պարագայում»:

Նույն օրը նաև Քննչական կոմիտեին էինք հարցեր ուղղել:

«2023 թվականի մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը, խոսելով ապօրինի որդեգրումների մասին, հայտարարեց. «Մենք ունենք տվյալներ քրեական վարույթով, որ Արգամ Ստեփանյանի  պաշտոնավարման ընթացքում առանձնապես խոշոր չափերի գումարներ են փոխանցվել տարբեր արտասահմանյան բանկերի հաշիվներին, հիմա միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև այդ գումարների հնարավոր ոչ օրինական ծագումը»:

Խնդրում եմ  տեղեկացնել՝ ի՞նչ փուլում է գտնվում պարզելու գործընթացը, արդյո՞ք հարուցվել են քրեական գործեր, ինչքա՞ն գումարներ են ստացվել դեպի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա և Իտալիա արված որդեգրությունների համար: Խնդրում եմ հայտնել գումարի չափն՝ ըստ երկրների»:

Քննչական կոմիտեից ստացել ենք հետևյալ պատասխանը՝

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 169-րդ հոդվածով, 200-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 26-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև Արգամ Հրաչիկի Ստեփանյանին՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին): Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և 2023թ. հոկտեմբերի 17-ին կազմված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այնուհետև դատարան:

Նախաքննության ընթացքում պարզված՝ Իտալիայի Հանրապետություն որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների վերաբերյալ մասը՝ թվով 11 մեղադրյալի նկատմամբ, ուղարկվել է դատարան, որի մասին Ձեզ նախկինում տեղեկացվել է:

Մնացած երկրներ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է»:

Մեր հարցման բովանդակության մեջ հիշատակված ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանն այժմ Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալն է, և հենց նա էլ «պատասխանել է» մեր հարցմանը: Մեր ոչ մի հարցի պատասխանը սակայն մենք չենք ստացել: Տիգրան Կիրակոսյանի ստորագրությամբ մեզ ուղարվել են տեղեկություններ, որոնք կարող էինք ստանալ բաց աղբյուրներից:

Իսկ թե ինչո՞ւ մեր հարցերին չի պատասխանել, կարծում ենք, պարզ է… Բացի Իտալիայից, Հայաստանի իրավապահ կառույցներին ոչ մի երկիր ապօրինի կամ օրինական որդեգրված հայ երեխաները չեն հետաքրքրում: Եվ առհասարակ, որդեգրումներն իրենց բացարձակ հետաքրքիր չեն, եթե դրանք կապված չեն Իտալիայի հետ:

Առավել հնչեղ էր Գլխավոր դատախազության պատասխանը՝ մեր բազմաթիվ հարցերին՝

«…Նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված՝ այլ տվյալներ չեն հրապարակվում»:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ իրավապահ մարմինների հետևողականության, իրենց փչած փուչիկի իրական մոտիվների ու նպատակների մասին:

Այսինքն՝ եթե երեխաներն Իտալիա են որդեգրված, գլխավոր դատախազության տրամաբանությամբ՝ դրանք բացառապես հանցավոր ճանապարհով են արվել, իսկ եթե այլ երկրներ՝ կարելի է ձևի համար վարույթ հարուցել, մի երկու հնչեղ հայտարարություններ անել, հետո կոծկել թեման ու մոռացության տալ:

Ի դեպ, թեպետ Գլխավոր դատախազության պաշտոնյան ասում է՝ կա արդեն մեկ մեղադրյալ դեպի Ֆրանսիա և ԱՄՆ որդեգրումների գործով, բայց Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ օտարերկրյա որդեգրումների գործով առհասարակ մեղադրյալ չկա, կա մեկ մեղադրյալ՝ տեղական որդեգրումների երկու դրվագով:

Փաստացի, եթե երեխան որդեգրվում է Իտալիա, անմիջապես հայտարարվում է վաճառված, որևէ մեկը չի մտածում երեխայի իրավունքների մասին, նախաքննական գաղտնիք իսպառ գոյություն չունի, կարելի է ոտնատակ տալ նաև որդեգրման գաղտնիքը, բայց եթե երեխան որդեգրվում է ԱՄՆ, Շվեյցարիա կամ Ֆրանսիա, ուրեմն և՛ երեխաների իրավունքներն են պաշտպանված, և՛ որդեգրման գաղտնիքը, և՛ նախաքննական գաղտնիքը, իսկ երեխաներն էլ, բնականաբար, որդեգրված են, ոչ թե վաճառված:

Իսկ հետաքրքիր է, սա Իտալիայի դեսպանատանը չի՞ հետաքրքրում, իրենց քաղաքացիներն ընդհանրապես իրավունքներ չունե՞ն, կարելի՞ է դրանք կոպտորեն ոտնահարել: Չէ՞ որ որդեգրված երեխաներն արդեն վաղուց Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ են: Հարցերը հռետորական չեն:

Իսկ թե ինչ են պատրաստվում անել «Իտալական որդեգրումների» գործով 11 մեղադրյալների հետ, ինչ պլաններ ունեն այդ գործով՝ ՀԱՋՈՐԴԻՎ:

Տեսանյութեր

Լրահոս