Սամվել Գասպարյանը՝ ազգային հավաքականների փոփոխությունների մասին
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն անդրադարձել է ազգային հավաքականների մարզչական շտաբերում տեղի ունեցած փոփոխություններին:
«Մարզչական խորհրդի հետ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ մարզաձևում պատանի մարզիկների հոսքը քչացել է: 2023 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո ունեցած լավ աճից հետո կրկին քչացել է: Սա նաև կապված է նրա հետ, որ նախորդ տարիներին պատանիների ու այլ տարիքայինների ներքին առաջնություն չի կազմակերպվել, ինչի պատճառով էլ նվազել է մրցակցությունը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սամվել Գասպարյանը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մարզչական փոփոխությունների որոշում է կայացրել սերնդափոխության նպատակով:
«Մենք բոլոր մասնագետներին գնահատում ենք և ընդունում: Շնորհակալ ենք այն մասնագետներին, որոնք այս տարիներին աշխատել են ազգային հավաքականներում: Եղել են վերլուծություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել, որ տղամարդկանց հավաքականում որքան էլ հաջողություններ եղել են, մարզիկների վնասվածքներն ու անհաջողություններն ավելի շատ են: Հիմա փոխարինվել են նոր մարզիչներով, ովքեր պատրաստակամ են եռանդով աշխատել»,- առանձնացրեց նա:
Ըստ Գասպարյանի` մարզչական շտաբերի փոփոխությունները բնավ կապված չեն ներքին տարաձայնությունների, անձնական վատ փոխհարաբերությունների կամ այլ պատճառներով:
«Ինչ վերաբերվում է Փաշիկ Ալավերդյանին, ապա նա բազմիցս է ասել, որ ցանկություն ունի այլ երկրների հավաքականներ մարզելու: Ֆեդերացիայի նպատակն է, որ չթողնենք, որ մարզիչները, մարզիկները ներկայացնեն այլ երկրներ»,-շեշտեց նա:
2025 թվականի ընթացքում Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 91 մեդալ: Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Հակոբ Փիլոսյանը` փոխարինելով Փաշիկ Ալավերդյանին, երկրորդ մարզիչ է նշանակվել Դավիթ Մուրադյանը, իսկ երիտասարդական թիմի մարզիչը Վիգեն Խաչատրյանն է, որը փոխարինել է Մելիք Ղուկասյանին:
