Նախիջևանը դառնալու է մեծ հենակետ՝ Հայաստանի շուրջ թուրք-ադրբեջանական ռազմական, էներգետիկ և լոգիստիկ օղակի ամրապնդման համար. Շիրազ Խաչատրյան

Մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որԱդրբեջանի զինված ուժերի բարեփոխումների համատեքստում զգալի առաջընթաց են գրանցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, ինչպես նաև` անձնակազմի վերապատրաստման, օգնության և խորհրդատվության ուղղություններում, և այս աշխատանքը շարունակվում է։

Այնուհետև Գյուլերն առանձնացրել է Ադրբեջանի հետ փոխգործակցությունը քարտեզագրության ոլորտում և նշել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից Քարտեզագրության գլխավոր վարչությունն աջակցել է Ադրբեջանին քարտեզների «արտադրության» հարցում, որ ունենան սեփական քարտեզները։

«Քարտեզագրության ոլորտում կադրերի պատրաստման հարցում խորհրդատվական աջակցությունը շարունակվում է»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը և հավելել, որ թուրք մասնագետները մասնակցել են օկուպացված Աղդամում, Հադրութում, Ջաբրայիլում, Լաչինում շուրջ 593 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծման աշխատանքներին։

Արդյո՞ք Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ գտնվող Ադրբեջանին՝ քարտեզագրության ոլորտում թուրքական աջակցությունն ինչ-որ կերպ կարող է առնչվել Հայաստանին, արդյոք դա պե՞տք է ՀՀ-ին մտածելու տեղիք տա:

Կարդացեք նաև

 «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ քարտեզագրական գործընթացներում այդչափ ներգրավվածությունն ուղիղ կերպով վերաբերում է նաև Հայաստանին, քանի որ խոսքը չի գնում միայն տեխնիկական օգնության մասին։

«Ըստ իս, այսպես ասած, «սեփական քարտեզների արտադրությունը» կարող է ներառել նաև տարածքային նոր պահանջների և քաղաքական քարտեզների միակողմանի մշակման մի ամբողջ գործընթաց։

Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին Բաքուն և Անկարան բազմիցս բարձրաձայնել են հայկական շատ տարածքների նկատմամբ իրենց նկրտումների մասին, այդ թվում՝ Սյունիքի ուղղությունների, և հաճախակի շահարկել են սահմանազատման գործընթացն իրենց օգտին, այս համագործակցությունը լուրջ հարցադրումներ է առաջացնում։

Քարտեզի «վերաիմաստավորումը» կարող է օգտագործվել նաև որպես դիվանագիտական ճնշման կամ ապագա պահանջների հիմնավորման գործիք։ Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում, այլև ակտիվ ներգրավվածություն ունի նրա տարածքային ու ռազմաքաղաքական օրակարգերի ձևավորման մեջ։

Դա միանշանակ Հայաստանի կողմից ավելի կանխատեսող դիրքավորում է պահանջում, այդ թվում՝ տեղեկատվական, դիվանագիտական և ռազմավարական մակարդակներում։ Սակայն, ցավոք, ներկա իշխանությունները, փոխարենը կենտրոնանան արտաքին վտանգների նվազեցման վրա, շարունակ ներքաղաքական հակասություններ սրելու և հասարակական բևեռացումը խորացնող քաղաքականությամբ են զբաղված։

Արդյունքում բացակայում է մեր կողմից համակարգված հակազդեցությունը՝ ինչպես թշնամու կողմից քարտեզագրական նոր մտադրությունների, այնպես էլ՝ ադրբեջանական մնացյալ պահանջների մասով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Հայաստանի շուրջ թուրք-ադրբեջանական տանդեմի համակարգված գործողությունների համատեքստում չենք կարող անտեսել Ադրբեջանի՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու, և դրանով իսկ, ըստ էության, Թուրքիայի հետ սահման ունենալու հանգամանքը, դրանից ակնկալվող երկու երկրների շահը:

Մասնավորապես, օրերս Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հեռանկարներին:

«Քանի որ Նախիջևանը չունի Ադրբեջանի հետ ցամաքային կապ, մենք ներկա պահին նրան բնական գազ մատակարարում ենք Թուրքիայի միջոցով՝ Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։ Վերջին շրջանում ի հայտ է եկել երկրորդ խողովակաշարի կառուցման հնարավորությունը։

Այսինքն, կա հնարավորություն Զանգեզուրից Նախիջևան գազատար կառուցելու: Սրա շնորհիվ էլ հնարավոր է դառնում նաև խողովակաշար անցկացնել Նախիջևանից Կարս, ինչը նոր հեռանկարներ է բացելու։ Ներկա պահին Թուրքիան և Ադրբեջանն իրենց տարածքներում վերանորոգում են ճանապարհային ենթակառուցվածքները։ Իսկ Հայաստանի տարածքում այդ աշխատանքներն իրականացվելու են ամերիկյան ֆինանսավորման հաշվին»,- մանրամասնել է Մամեդովը:

Շիրազ Խաչատրյանի խոսքով, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի վերջին հայտարարությունը՝ Սյունիքով դեպի Նախիջևան գազատար անցկացնելու «առաջացած հնարավորության» մասին, հստակ վկայում է, որ խոսքը կամ թեման միայն էներգետիկ ենթակառուցվածքների մասին չէ։

«Այն վերաբերում է տարածաշրջանային ռազմաքաղաքական լայն վերադասավորումներին, որոնցում Հայաստանի տարածքն ընկալվում է որպես զուտ հաղորդակցային օղակ՝ առանց հաշվի առնելու երկրի ինքնիշխան դիրքորոշումը։ Եվ դա, ըստ իս, միայն գազատարի նախագծում չէ։ Դա Նախիջևանի՝ որպես ռազմավարական, էլ ավելի ուժեղացած հանգույցի ձևավորման գործընթաց է՝ Թուրքիայի ուղիղ ներգրավմամբ։

Դրան գումարվում է Հայաստանի իշխանությունների մտահոգիչ անգործությունը։ Եթե այսօր հայտարարություններ են հնչում ԱՄՆ ֆինանսավորմամբ գազատարի անցկացման մասին՝ առանց Հայաստանի պաշտոնական արձագանքի, ապա վաղը կարող են հնչել պահանջներ այլ ենթակառուցվածքների վերաբերյալ։ Ժամանակի ընթացքում Նախիջևանը դառնալու է մի մեծ հենակետ՝ Հայաստանի շուրջ թուրք-ադրբեջանական ռազմական, էներգետիկ և լոգիստիկ օղակի ամրապնդման համար։ Եվ եթե Երևանը շարունակի միայն դիտորդի դերում մնալ, ապա ամենաարագ ձևով հայտնվելու է նոր խաղի լուսանցքում։ Ցավոք, պատկերը դա է»,- նշեց փորձագետը:

Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը Շիրազ Խաչատրյանի հետ քննարկել է Նախիջևանում հայտարարած լայնածավալ հարկային արտոնությունների հեռահար նպատակն ու դրա հետևանքները՝ Նախիջևանը հարկային և վարչական ազատ գոտու վերածելու գործընթացը Հայաստանի համար պարունակում է մի շարք լուրջ ռիսկեր:

Այսինքն, եթե Նախիջևանը վերածվում է հարկային և վարչական ազատ գոտու, ապա ժամանակի ընթացքում այնտեղ անխուսափելիորեն ավելանալու է թուրքական կապիտալի ներգրավվածությունը, աճելու է նաև բնակչության թիվը, ինչը նպաստելու է համաթուրքական տնտեսական միջանցքի ձևավորմանը՝ կայուն սոցիալ-տնտեսական հիմքով, որն էլ լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ տարածաշրջանային նախագծերի առանցքային հենակետը:

Իսկ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի վերջին հայտարարությունը հերթական ապացույցն է, որ Հայաստանն իր կողքին գնալով ունենալու է էլ ավելի ուժեղ Նախիջևան՝ թուրքական աճող ազդեցությամբ, որը միայն ռազմական բնույթի չէ:

Տեսանյութեր

Լրահոս