Վաշինգտոնում հրաձգության ժամանակ վիրավորված Ազգային գվարդիայի զինծառայողներից մեկը մահացել է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ազգային գվարդիայի զինծառայողներից մեկը, որը վիրավորվել էր նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, մահացել է։ Այս մասին Թրամփն ասել է Գոհաբանության օրվա կապակցությամբ զինվորականների հետ տեսազանգի ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:
«Արևմտյան Վիրջինիայից Սառա Բեքսթրոմը՝ գվարդիականներից մեկը, մեծ հարգանք վայելող, երիտասարդ, հիանալի անձնավորություն, որը ծառայությունն սկսել է 2023 թ. հունիսին և աչքի էր ընկնում բոլոր առումներով, հենց նոր մահացավ», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ մյուս տուժածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ «Մյուս երիտասարդը շատ վատ վիճակում է, պայքարում է իր կյանքի համար, և հուսով եմ՝ մենք ավելի լավ լուրեր կստանանք նրա մասին», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնում տեղի ունեցածը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն «ազգային անվտանգության բնագավառում ավելի կարևոր առաջնահերթություն չունի, քան լիակատար վերահսկողություն ապահովել այն մարդկանց նկատմամբ, որոնք մուտք են գործում մեր երկիր և մնում այստեղ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան մերձակայքում աֆղանստանցի տղամարդը կրակոցներ է արձակել, որի հետևանքով ծանր վիրավորվել էր ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինծառայող։
Թրամփը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի զինվորներին լուրջ վիրավորած «կենդանին» շատ բարձր գին կվճարի։ Ավելի վաղ ազգին հղած իր ուղերձում նա խոստացել է կրկնապատկել իշխանության ջանքերը միգրանտներին արտաքսելու համար։
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթն ավելի վաղ հայտնել էր, որ միջադեպից հետո Թրամփը կարգադրել է մայրաքաղաք ուղարկել Ազգային գվարդիայի ևս 500 զինծառայողի։

