Բաժիններ՝

Մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուների ընտրության գործընթացը

Միավորված ազգերի կազմակերպության երկու հիմնական մարմինների ղեկավարները` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը և Անվտանգության խորհրդի նախագահը, նոյեմբերի 25-ին պաշտոնապես նամակներ են ուղարկել անդամ պետություններին՝ ազդարարել են գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրության գործընթացի մեկնարկը:

Նամակի հեղինակներն անդամ պետություններին առաջարկել են առաջադրել իրենց թեկնածուներին գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Նրանք նշում են, որ այս կարևոր պաշտոնը զբաղեցնող անձը պետք է համապատասխանի արդյունավետության և կոմպետենտության բարձրագույն չափանիշներին, ինչպես նաև ցուցաբերի հավատարմություն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։

Թեկնածուն պետք է ունենա առաջնորդական որակներ և մասնագիտական ​​հմտություններ դիվանագիտության ու հաղորդակցության ոլորտում, տիրապետի մի քանի լեզուների և ունենա միջազգային հարաբերությունների ոլորտում մեծ փորձ։

Նամակի հեղինակները նաև ցավով նշում են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը երբեք կին չի զբաղեցրել և կոչ են անում անդամ պետություններին լրջորեն քննարկել կնոջ թեկնածություն առաջադրելու հարցը։

«Մենք նաև ընդգծում ենք տարածաշրջանային չափման կարևորությունը գլխավոր քարտուղարի ընտրության հարցում»,-նշվում է նամակում։

Թեկնածուն կարող է առաջադրվել մեկ երկրի կամ երկրների խմբի կողմից, բայց յուրաքանչյուր պետություն իրավունք ունի առաջադրել մեկ անձի։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարի՝ Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս