Այնպես որ, ցուցանակը տեղադրվել է ՔՊ-ական մարզպետի և ՔՊ-ական քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից. Գյումրու քաղաքապետարանից արձագանքում են

Գյումրու քաղաքապետարանից հայտնում են․ «Երեկ՝ 25․11․2025 թվականին, Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հանրային լսման ժամանակ շոշափվեց համացանցում շրջանառվող տեղեկատվությունն առ այն, որ Գյումրու «Կինո Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց տեղադրված վահանակի վրա նշված է «Գյումրու Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական զբոսայգի» անվանումը։

Մեղադրանք ներկայացվեց Գյումրու քաղաքապետարանին, որ սխալ բովանդակությամբ ցուցանակ է տեղադրվել և որևէ մեկը չի զբաղվել սխալ անվանմամբ այս ցուցանակով։ Բանն այն է, որ Գյումրիում իրականում չկա նման անվանումով զբոսայգի։ Հարց առաջացավ, թե ո՞ւմ կողմից է դա տեղադրվել։

Այժմ ներկայացնում ենք այն փաստաթուղթը, որով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը դիմել էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին` առաջարկելով Գյումրի քաղաքում տեղակայել զբոսաշրջային օբյեկտների ուղղությունները ցույց տվող տեղեկատվության խմբի ճանապարհային նշանները։

Միևնույն ժամանակ, գրությանը կից ուղարկվել է ցուցանակների բովանդակությունը։

Ընթերցողներին խնդրում ենք ուշադրություն դարձնել ցանկին՝ կարմրով ընդգծված է՝ ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի, «Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական այգի»։

Հենց այսպես էլ, Դավիթ Առուշանյանի հրահանգով, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի ղեկավարության ներքո, տեղադրվել է ցուցանակը, որը ցայսօր, ցավոք, դրված է «Կինո Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց։ Այնպես որ, ցուցանակը տեղադրվել է ՔՊ-ական մարզպետի և ՔՊ-ական քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից և ենթակա է տեղահանման։

Սխալով, որն արվել է վերջինների օրոք, այժմ զբաղվելու է քաղաքապետարանը։ Անվանումների ցանկը, փաստորեն, տվել է Շիրակի մարզպետը, տվել է սխալով, սխալն էլ կրկնել են Սարիկ Մինասյանը և քաղաքապետարանի աշխատակազմը»։

Տեսանյութեր

Լրահոս