Վրաստանը լուծարում է Սահակաշվիլիի օրոք ստեղծված Հարավային Օսիայի վարչակազմը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Միխեիլ Սահհակաշվիլիի նախագահության օրոք Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմը կազմող օրենքները չեղյալ համարելու նախաձեռնությունը։ Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։
Օրինագծին կողմ է քվեարկել 86 խորհրդարանական, դեմ՝ մեկ պատգամավոր։ Ըստ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից պատրաստված փաստաթղթի՝ Սաակաշվիլիի օրոք ստեղծված կառույցը 2026 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Ինչպես հիշեցնում է ТАСС-ը, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նոյեմբերի 17-ին հայտարարել է Հարավային Օսիայի վարչակազմը լուծարելու կառավարության ծրագրերի մասին։ Նա նշել է, որ Վրաստանը վաղուց է արմատավորել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու իր քաղաքականությունը, մինչդեռ նախորդ իշխանությունների կողմից «Հարավային Օսիա» եզրույթի օգտագործումը, ըստ նրա, «սահմանադրության և ազգային շահերի դավաճանություն էր»։ Պապուաշվիլիի պնդմամբ՝ 2007 թվականին վարչակազմի ստեղծումն արդյունավետորեն նպաստեց 1990 թվականին վերացված Հարավային Օսիայի ինքնավար մարզի սահմանների վերականգնմանը, և դա 2008 թվականի իրադարձություններին հանգեցնող գործոններից մեկն էր։
Հարավային Օսիայի վարչակազմը ստեղծվել է 2007 թվականին և գտնվում էր Թբիլիսիում։ Չնայած տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության բացակայությանը, այն ստանձնել էր նախկին ինքնավար մարզի կառավարման գործառույթները։ Կառույցը տարբեր ժամանակներում ղեկավարել են Վլադիմիր Սանակոևը, իսկ 2022 թվականից՝ Թամազ Բեստաևը: Վարչակազմի հիմնական ջանքերը կենտրոնացած էին Հարավային Օսիայից փախստականներին մարդասիրական աջակցության և օգնության վրա։

