Բաժիններ՝

Թրամփը բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության ոլորտում խոշոր համագործակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ջերմ ընդունելության է արժանացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանին։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ կողմերը ստորագրել են պաշտպանության ոլորտում ռազմավարական համաձայնագիր, հայտարարել են թագավորության կողմից ԱՄՆ-ում հարյուր միլիարդավոր դոլարի նոր ներդրումների մասին։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Սաուդյան Արաբիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքի շուրջ։ Գործակալությունը հիշեցնում է, որ Պենտագոնում որոշ մարդիկ դեմ էին դրան, քանի որ մտավախություններ կային, որ այդ առաջադեմ տեխնոլոգիան հասանելի կդառնա Չինաստանին, որը սերտ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ։ Միևնույն ժամանակ, հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ Իսրայելն արդեն ունի F-35-եր և նրան դուր չի գա, որ Սաուդյան Արաբիան ևս ստանում է այդ կործանիչները։ 

Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ իրենք դեմ չեն լինի դրան, եթե Սաուդյան Արաբիան կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում։

Սպիտակ տանը Մուհամմադ բին Սալմանը կրկնել է այն դիրքորոշումը, որ թագավորությունն Աբրահամյան համաձայնագրերին կմիանա միայն այն բանից հետո, երբ երաշխավորված և հավաստի ուղի լինի պաղեստինյան պետականության և Մերձավոր Արևելքում իրադրությունը երկու պետության ստեղծման բանաձևով լուծելու համար։ Բացի F-35-երի շուրջ պայմանավորվածություններից, երկու երկրները նաև համաձայնագրեր են ստորագրել, ըստ որի Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 300 տանկ ձեռք կբերի։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Սաուդյան Արաբիան իր ռազմական ներուժը կամրապնդի ամերիկյան ռազմական տեխնիկայի խոշոր գնումների շնորհիվ, որի վրա կծախսի գրեթե 142 միլիարդ դոլար։ Թրամփը շեշտել է, որ բացի երկու երկրների անվտանգության ամրապնդումից, դա կամրապնդի նաև Սաուդյան Արաբիայի դերը՝ որպես Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության կարևոր գործոն։ 

Թրամփը նաև հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ ձեռք կբերվի քաղաքացիական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր։ Բացի այդ, ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ներառվում է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների շարքում։ Սա, ըստ The Associated Press-ի, ԱՄՆ-ի օտարերկրյա գործընկերներին որոշակի առավելություններ է տալիս պաշտպանության, առևտրի և անվտանգության համագործակցության ոլորտներում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս