«Կարծում եմ՝ այս վարույթը ճակատագիր չունի, բայց ոչինչ չենք բացառում և ցանկացած շրջադարձի պատրաստ ենք». Արմինե Ֆանյան

Հոկտեմբերի 15-ից սկսած Արագածոտի թեմի մեկ տասնյակից ավելի քահանաների հրավիրում են Երևանի քննչական մարմիններ՝ հարցաքննվելու համար։ Օրերս ևս մի քանի քահանաներ Արագածոտնից հասել էին Երևան հարցաքննվելու՝ ինչը կապված է հոկտեմբերի 15-ին թեմի առաջնորդարանում խուզարկություն կատարելու և թեմի առաջնորդին 2 ամսով կալանավորելու հետ։

Արագածոտնի թեմի 4-5 քահանաների շահերը ներկայացնում է փաստաբան Արմինե Ֆանյանը. նա 168.amի հետ զրույցում ասաց, որ այս պահին թեմի հոգևորականների մի մասն է ծանուցվել և հարցաքննվել, մեծ մասը ծանուցված չեն։

«Չգիտեմ՝ ծանուցումներ չստացած քահանաները հետագայում կծանուցվե՞ն, թե՞ ոչ։ Հոկտեմբերի 15-ին Երևանի Քննչական վարչություն բերման ենթարկված քահանաների կարգավիճակը չի փոխվել՝ բոլոր հարցաքննություններին նրանք մասնակցել են վկայի կարգավիճակով»,- նշեց Արմինե Ֆանյանը։

Ըստ փաստաբանի, այդ ամենի հետ կապված որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել և ըստ էության չի էլ կարող ի հայտ գալ։

Կարդացեք նաև

«Գործընթացը, որն ընթանում է քննչական մարմնում, քննության հետ որևէ աղերս չունի, որովհետև որևէ հանցագործության մասին խոսք լինել չի կարող։ Օրինակ, քննարկվում են կարգալույծ հռչակված անձի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթին վերաբերող հարցեր: Օրինակ, խտրականության համատեքստում, որն ընդամենը միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին։ Սա էլ այն պայմաններում, երբ պետությունը հռչակել է, որ ընդունում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարվող բնույթը։ Այսինքն՝ առերևույթ էլ որևէ հանցանքի մասին խոսք լինել չի կարող։ Կարծում եմ՝ այս վարույթը ճակատագիր չունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ իրենց ընտրությամբ «կարևոր լիցք են տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին», արդյո՞ք սա նշանակում է, որ հոգևորականների նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացներն ավելի համատարած ու խիստ բնույթ են կրելու, Արմինե Ֆանյանը պատասխանեց՝ ոչինչ չի բացառում։

«Այսօր մենք Հայաստանում տեսնում ենք բազմաթիվ վարույթներ, որոնք իրավական գործընթացի հետ կապ չունեն։ Չեմ բացառում նաև, որ այս վարույթը վաղը-մյուս օրը դատական հեռանկար ունենա, քանի որ այսօր դատարաններում այնպիսի վարույթներ կան ու այնպիսի անձանց նկատմամբ, որ աղերս չունեն իրավական որևէ խնդրի հետ։ Իշխանությունն արդեն ցույց է տվել Առաքելական եկեղեցու դեմ տարվող ընդգծված քաղաքականությունը, չեմ բացառում, որ այդ ֆոնին մեթոդներն ավելի կոշտանան, իշխանությունը դիմի ավելի բիրտ ուժի։

Մենք իրականում ցանկացած շրջադարձի պատրաստ ենք, պարզապես լավ կլիներ՝ մեկ վայրկյան կանգ առնեին ու հասկանային, թե ինչ են անում։ Սա ոտնձգությունն է մեր երկրի կարևորագույն հենասյուներից մեկի նկատմամբ, որը դարեր շարունակ եղել է պետականության պահապան»,- ընդգծեց փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս