Հայ եկեղեցու ժամերգությունները
Կենդանի և միակ Աստծուն ամբողջ սրտով հավատալ, հուսալ և սիրել Նրան՝ իբրև Արարիչ, Տեր և Հայր, սա է իրական աստվածպաշտությունը: Աստվածպաշտությունը լինում է երկու տեսակ՝ առանձնական և հասարակաց: Առանձնական աղոթքի ժամանակ քրիստոնյան առանձնանում է օրվա որոշակի պահերի՝ աղոթք ու երկրպագություն մատուցելու առ Բարձրյալն Աստված:
Հասարակաց աղոթքը այն է, երբ քրիստոնյան իր հավատացյալ քույրերի և եղբայրների հետ է աղոթքի կանգնում՝ գոհություն և փառաբանություն մատուցելով Աստծուն: Եկեղեցիներն ու վանքերը այն նվիրական սրբավայրերն են, որտեղ հավատացյալները հավաքվում են՝ մասնակցելու հասարակաց աղոթքներին, ժամերգություններին, փրկարար խորհուրդներին և այլն:
Հայոց Եկեղեցին ունի ինը ժամերգություններ, որոնք մեր աղոթական կյանքի հիմքն են: Ժամերգություններն ամփոփված են «Ժամագրքում», որը նաև ժամերգությունների կատարման հիմնական ուղեցույցն է: Այն իր մեջ բովանդակում է բոլոր այն երգերը, աղոթքները, մաղթանքներն ու քարոզները, որոնք կատարվում են ժամերգությունների ժամանակ: Ժամերգությունները սկզբնական շրջանում կատարվում էին ավելի պարզ ձևով, սակայն հետագա դարերում եկեղեցական հայրերի շնորհիվ ճոխացան և ստացան այսօրվա տեսքը:
Գրերի գյուտից անմիջապես հետո այս կարևորագույն ծիսամատյանի կազմման աշխատանքին ձեռնամուխ եղան սուրբ Սահակ Պարթև հայրապետն ու սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը: Ինչպես երևում է «Ժամագրքի» տիտղոսաթերթի վերտառությունից, այս աշխատանքում մեծ և անգնահատելի ներդրում ունեն նաև Գյուտ Ա Արահեզացի, Հովհան Ա Մանդակունի և Ներսես Դ Շնորհալի հայրապետները:
Հայ Եկեղեցու ժամերգություններն են. 1.գիշերային, 2. առավոտյան, 3. արևագալի, 4. ճաշու երրորդ ժամի, 5. ճաշու վեցերորդ ժամի, 6. ճաշու իններորդ ժամի, 7. երեկոյան, 8. խաղաղական, 9. հանգստյան:
Յուրաքանչյուր ժամերգություն իր խորհուրդն ունի և կատարվում է «ի դեմս» Հայր Աստծու, Որդու կամ Սուրբ Հոգու: Գիշերային ժամերգության ժամանակ մեր աղոթքն ուղղում ենք Հայր Աստծուն. այն նախածնողների՝ Ադամի ու Եվայի պատվիրանազանցության խորհուրդն ունի: Նրանք մերկացան շնորհներից և արտաքսվեցին դրախտից: Իսկ մենք, գիշերային ժամերգության ժամանակ խոստովանելով մեր մեղքերը, խնդրում ենք Հայր Աստծուն բացել մեր բերանները, որպեսզի կարողանանք աղոթել. «Տեր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո» (Սաղ. Ծ 17):
Առավոտյան ժամերգության ժամանակ մեր աղոթքները վեր ենք առաքում Աստվածորդուն՝ Հիսուս Քրիստոսին. այն Տիրոջ հրաշափառ հարության խորհուրդն ունի: Հարուցյալ Տերը առավոտյան երևաց յուղաբեր կանանց, և նրանց սրտերը լցվեցին անհուն ուրախությամբ: Փրկչի հարության ուրախությունը մեր սրտերում ունենալով՝ առավոտյան ժամերգությունը սկսում ենք հետևյալ սաղմոսով. «Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, ցնծացինք և ուրախ եղանք մեր կյանքի բոլոր օրերին» (Սաղ. ՁԹ 14):
Արևագալի ժամերգության ժամանակ մեր աղոթքները ուղղում ենք Սուրբ Հոգուն: Ժամերգությունն «Արևագալի» է կոչվում, քանի որ ժամերգության երգերի, քարոզների և աղոթքների ժամանակ Սուրբ Հոգուց խնդրում ենք, որ նախքան տեսանելի արեգակի ծագելը, մեր հոգիները լուսավորի իմանալի Արեգակի՝ Քրիստոսի լույսով: Արևագալի ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի հարությունն ու աշակերտներին երևալը:
Ճաշու երրորդ ժամի ժամերգության ժամանակ մեր աղոթքը նույնպես առաքում ենք Սուրբ Հոգուն, քանի որ Հոգեգալստի ժամանակ Սուրբ Հոգին երրորդ ժամին Վերնատանը իջավ առաքյալների վրա: Նաև ունի արգելված պտղից նախամայր Եվայի ճաշակման և Քրիստոսով դատապարտությունից ազատվելու խորհուրդը:
Ճաշու վեցերորդ ժամի ժամերգության ժամանակ մեր աղոթքներն ուղղում ենք Հայր Աստծուն: Ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը:
Ճաշու իններորդ ժամի ժամերգության ժամանակ աղոթում ենք ի դեմս Որդի Աստծո. նախահայր Ադամը այդ ժամին արտաքսվեց դրախտից և նույն ժամին էլ Քրիստոս խաչի վրա ավանդեց հոգին:
Երեկոյան ժամերգությունը Հիսուս Քրիստոսին խաչից իջեցնելու և պատանքելու խորհուրդն ունի. հենց այդ ժամին Հովսեփ Արիմաթացին Նրա մարմինը իջեցրեց խաչից և դրեց գերեզմանում:
Խաղաղական ժամերգությունը Տիրոջ գերզմանում դրվելու, ապա դժոխք իջնելու խորհուրդն ունի: Դժոխքում արդարների հոգիները Նրան էին սպասում: Հիսուս ազատեց նրանց տառապանքներից ու նեղություններից և խաղաղություն պարգևեց նրանց հոգիներին: Ժամերգության ժամանակ աղոթքով խնդրում ենք Տիրոջը, որ պահպանի մեր գիշերային քունը և հեռու պահի մեզ ամեն տեսակ գայթակղությունից:
Հանգստյան ժամերգության ժամանակ մեր աղոթքն ուղղում ենք Երկնավոր Հորը, որ Իր Միածնի պահպանողական աջով պահպանի գիշերը թշնամու ամեն տեսակ որոգայթից:
Ժամերգություններն իրենց մեջ ունեն մեծ խորհուրդ, և այդ խորհրդին բաժնեկից լինելու համար կարևոր և անհրաժեշտ է մեր առօրյա զբաղումների հետ նաև գնալ եկեղեցի՝ մասնակցելու ժամերգություններին: Դարերի ընթացքում «Ժամագրքի» աղոթքներն ու շարականները լինելով կանոնական աղոթքներ, դարձել են զորավոր և սրբացնող, քանի որ մեր հայրերը, ամեն օր ձեռքերը երկինք կարկառած՝ իրենց օրհնաբան շուրթերով այս աղոթքներն էին մատուցում Երկնավոր Թագավորին՝ իբրև անուշահոտ խունկ:
Արամայիս սարկավագ ԱԶԻԶՅԱՆ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ

