ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻ Է. ԱԼԻԵՎԸ ԳԻՆ Է ՈՒԶԵԼՈՒ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԻՊԵՑ. ՕՎԵՐՉՈՒԿԸ ՄԱՐՄՆԻ Ո՞Ր ՄԱՍՈՎ ԷՐ ՄՏԱԾՈՒՄ, ՄԱԿՐՈ՛Ն, ԹՐԱ՛ՄՓ, ՊՈՒՏԻ՛Ն, ՁԵԶ ՀԱՄԱՐ ՍԱ՞ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ. ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում գործող քաղաքական ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ նրան հովանավորող ազդեցիկ խաղացողները։ Նրանք պետք է համոզվեն, որ ընդդիմությունը ոչ թե գալիս է նոր պատերազմ բերելու՝ ինչպես Ալիևն է ներկայացնում, այլ ստեղծելու միջպետական հարաբերությունների այնպիսի համակարգ, որը խաղաղությունը կդարձնի անշրջելի բոլորի համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց 1992-93 թթ. ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ ներկա գործընթացը «ոչ մի լավ տեղ չի տանում», բայց «լավ տեղ տանելու» հնարավորությունները կան։

«Բոլորը կշահեն, եթե մենք ազնիվ ենք մեր հարաբերություններում։ Օրինակ, Մակրո՛ն, քեզ համար այդպիսի՞ն է խաղաղությունը տարածաշրջանում, կամ՝ Սթարմեր, Թրամփ, Պուտին։ Ալիևի համար այդպես չէ։ Ակնհայտ է, չէ՞։ Հետևաբար, սա պետք է դրվի սեղանին։ Ես խորապես համոզված եմ, որ ընդդիմությունը, նախ, պետք է վերաիմաստավորի քաղաքական պայքարի հիմնական շեշտադրումները։ Մեր նպատակն Ադրբեջանին հաղթելը չէ՝ այս փուլում հատկապես։ Մեր նպատակը՝ այնպիսի քաղաքականություն վարենք, որ խաղաղությունը բոլորիս համար, այդ թվում՝ Ադրբեջանի համար, դառնա անշրջելի, որովհետև միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք աստիճանաբար ոտքի կանգնելու»,- կարծում է Խոսրով Հարությունյանը։

Կարդացեք նաև

Քաղաքական գործչի կարծիքով՝ գործող իշխանությունները շտապում են և փորձում են ընտրություններին նախընթաց շրջանում վախի մթնոլորտ ստեղծել տարբեր գործիչների ձերբակալությունների ու կալանավորումների միջոցով։

Իսկ Բաքվի բռնապետի՝ Հայաստան «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով» «վերադառնալու» հայտարարությունն ու մնացած արտահայտությունները Խոսրով Հարությունյանը գնահատում է՝ որպես սպառնալիք.

«Թրամփի մոտ երդվելուց հետո Ալիևի՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման իր հայտարարություններն ու արտահայտությունները խոսում են այն մասին, որ եթե ինչ-որ մի պահ, կարծեք թե, Ալիևը մտածում էր զերծ մնալ կոշտ քայլերից, որպեսզի «խաղաղության» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վարկածը չփլուզվի, այդ փուչիկը չպայթի, հետո ես սկսել եմ մտածել, որ միգուցե իրենք եկել են այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կամ իշխանության վերարտադրվելու հնարավորությունները սահմանափակ են՝ օբյեկտիվ իրողություններից ելնելով, և որպեսզի ինքն իր համար հետագայում ստեղծի հնարավորություն կամ հենք գաղափարական, միջազգային կամ դիվանագիտական հարթակներում, ավելի կոշտ արտահայտություններ է անում։ Օրինակ, երբ ինքն ասում է՝ «մենք ոչ թե տանկերով ենք մտնելու, այլ մեքենաներով», ես սա հասկանում  եմ՝ որպես սպառնալիք։ Այսինքն՝ «ես ինձ իրավունք եմ վերապահում տանկերով մտնել, բայց եթե խելոք պահեք ձեզ, ես մեքենաներով կգամ»։

Ալիևը, ըստ էության, ասում է. «Բոլոր դեպքերում կմտնեմ. մի դեպքում՝ խաղաղ, մյուս դեպքում՝ տանկերով»։ Սա սպառնալիք է, յուրաքանչյուր քիչ թե շատ ողջամիտ, բանականության ունակ մարդ այսպես պետք է գնահատի։ Այսինքն՝ ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, եթե դու պայմանավորվածություն ես ձեռք բերել, այդուհանդերձ, մնալ «խաղաղության» շրջանակներում, ինչո՞ւ ես սրում իրավիճակը, ինչո՞ւ ես քո պարտնյորին վատ դրության մեջ դնում։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի պարտնյորն է, կարծում եմ՝ շատ հիմնավորման կարիք էլ չունի»։

Իսկ Փաշինյանը նախապատերազմական շրջանում ամեն ինչ անում էր, որ 2020-ի ռազմական բախումը տեղի ունենա. «Երբ նայում ես Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը, քայլերի հաջորդականությանը, նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը խոսում է այն մասին, որ ոնց որ թե ամեն ինչ արվում էր, որ այդ ռազմական բախումը տեղի ունենա»։

Խոսրով Հարությունյանի մեկնաբանությամբ՝ եթե 2020 թվականի Քառասունչորսօրյա պատերազմը Արցախի մասին էր, դրանից հետո Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները վերաբերում էին արդեն Հայաստանի Հանրապետությանը։ Նախկին վարչապետի համար անհասկանալի են Փաշինյանի մի շարք որոշումներ, օրինակ՝ ինչո՞ւ 2020 թ. դեկտեմբերի 17-ին որոշում ընդունվեց հայկական զորքերը Կուբաթլուից հետ քաշելու մասին, կամ ինչո՞ւ հետո հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն, հետո՝ Սոթք-Խոզնավարը. «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ, ի՞նչ խնդիր եք լուծում, ո՞նց կարելի էր ասել՝ է՜ն սարը՝ տարին 12 ամիս ձյունապատ սարը, ո՞ւմ է պետք։ Պարզվեց՝ պետք է։ Ոչ թե մեզ, այլ նրանց։ Նրանց էր պետք, որ եկան-կանգնեցին Ջերմուկի գլխին՝ դեպի Սյունիք տանող հանրապետական ճանապարհից մեկ ինքնաձիգի հեռավորության վրա։ Պարզվեց՝ պետք էր իրենց։ Իսկ մեզ պետք չէր։ Ես կարող եմ բազում օրինակներ բերել միջազգային պրակտիկայից, որտեղ ցանկացած քառակուսի մետրը, ցանկացած սանտիմետրը տարածքի յուրաքանչյուր իշխանության համար հանդիսանում է սրբություն, և նրանք պատրաստակամ են դրա համար, ժողովրդական լեզվով ասած՝ «քյալլա տալ»։ Իսկ մենք ի՞նչ արեցինք՝ հանգիստ Սև լիճը զիջեցին, Իշխանասարը, Սոթքից մինչև Խոզնավար ընկած բոլոր ռազմավարական բարձունքները»։

Խոսրով Հարությունյանն իրերն իրենց անունով է կոչում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը թշնամի է և իրեն հենց թշնամու պես է պահում. «Այո՛, Ադրբեջանը չի էլ խորշում որպես թշնամի ներկայանալուց, նրանք անհարմար էլ չեն զգում, նրանք թքած ունեն՝ մենք իրենց մասին ինչ կմտածենք։ Ալիևը տարածաշրջանի ամենաոչպայմանագրաունակ ղեկավարն է, Ալիևը վստահելի պարտնյոր չէ»։

Նաև լուրջ վտանգ է տեսնում Իսրայել-Իրան նոր հակամարտության կամ ռազմական բախման տեսանկյունից. «Շատերն են խոսում, որ Իսրայել-Իրան ռազմական բախումը վերսկսելու մեծ հավանականություն ունի։ Ի՞նչ եք կարծում, եթե վերսկսի ռազմական բախումն Իրանի հետ, Ադրբեջանն անելիք ունենալո՞ւ է այնտեղ։ Նրան պահանջներ են ներկայացնելու։ Եվ ի՞նչ պիտի ասի Ադրբեջանը։ Պիտի ասի՝ «լավ, համաձայն եմ իմ տարածքը տրամադրել, միգուցե ես էլ մասնակցեմ, բայց դա իր գինն ունի»։ Այդ գինը Սյունիքն է»։

Այդուհանդերձ, փորձառու քաղաքական գործիչն այլ մոտեցում է առաջարկում Ադրբեջանից եկող սպառնալիքները չեզոքացնելու խնդրին՝ նշելով, որ պետք է ձևավորել միջպետական հարաբերությունների այնպիսի համակարգ, որը խաղաղությունը կդարձնի անշրջելի։

Բայց Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերն ու հսկայական քանակությամբ զենք-զինամթերք է ձեռք բերում, պետք է պատրաստվենք խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի՝ շատ լավ տեսնելով, որ Ալիևը խաղաղության իրական նպատակ չունի։

Հարցադրմանը Խոսրով Հարությունյանը պատասխանեց՝ խաղաղությունը, այն էլ՝ Ադրբեջանի պես ոխերիմ թշնամու պարագայում, գալիս է միայն այն դեպքում, երբ քո ոխերիմ հարևանին ձեռնտու չի լինում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելը։

«Այսօր էլ կարելի է այդ հարցերը դնել օրակարգ և ապացուցել, որ մենք պատերազմի հրձիգներ չենք, մեզ պատերազմը պետք չէ։ Եթե կա մի պետություն, մի ժողովուրդ, որին խաղաղությունն օդի ու ջրի պես պետք է, դա հայերն են։ Խոսքն այն մասին է, որ այնպիսի հարաբերություններ ձևավորենք, որ պատերազմը ո՛չ ձեզ, ո՛չ մեզ, ո՛չ էլ խոշոր խաղացողներին ձեռնտու չլինի»,- հավելեց նա։

Խոսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին՝ Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի սխալն այն է, որ նա նույնպես խոսում է Սյունիքով հաղորդակցությունը վերականգնելու մասին. «Ռուսաստանն այդտեղ վրիպեց։ Իսկ խելոք լինեին, թող ներվի ինձ այս բառը, մի քիչ ավելի խոհեմ գտնվեին՝ կմտածեին ոչ թե Ադրբեջանով-Սյունիքով Թուրքիա գնալու մասին, այլ կխոսեին Բաքու-Ղազախ-Իջևան ճանապարհի մասին։ Հետևաբար, խնդրեմ, ուզում էիք վերահսկե՞լ՝ գործարկեիք։ Օվերչուկը, կներեք, ինչո՞վ էր մտածում, ես չգիտեմ՝ մարմնի ո՞ր մասով էր մտածում, երբ խոսում էր Սյունիքով բեռնափոխադրումների վերահսկողության մասին»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս