Լիտվայի կողմից սահմանը փակելու պատճառով ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել բելառուսական կողմում
Լիտվայի կողմից Բելառուսի հետ սահմանը միակողմանի փակելու որոշման հետևանքով բելառուսական կողմից սահմանին կուտակվել են ավելի քան 1100 բեռնատար մեքենաներ։
Այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բենյակոնի և Կամեննի Լոգ սահմանային անցակետերի մուտքերի մոտ կենտրոնացած տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու համար Բելառուսը որոշել է դրանք տեղափոխել Կոտլովկա սահմանային անցակետի մոտ գտնվող հատուկ կայանատեղիներ։
Նախարարության տվյալներով՝ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ վարորդներին հնարավորություն է տրվել լքել Բելառուսը և վերադառնալ իրենց մշտական բնակության վայրերը, մինչև Լիտվան կորոշի ամբողջությամբ վերաբացել սահմանը։
Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնել այն վարորդներին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում լքել Բելառուսը։ Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ իր ճանապարհային սահմանը։
Պատճառը իրենց երկրի օդային տարածք Բելառուսից ապօրինաբար մտնող մաքսանենգ օդապարիկներն էին։ Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 31-ին Բելառուսն արգելել է Լիտվայում գրանցված բեռնատարներին և տրակտորներին երթևեկել իր ավտոճանապարհներով։

