Մեդիայում որակյալ կոնտենտը, ցավոք, պարտվում է էժանագին արտադրանքին. Նվեր Ղազարյան
                                    168.am-ի զրուցակիցը մեդիանախագծերի մենեջեր, պրոդյուսեր Նվեր Ղազարյանն է, ով 15 տարուց ավելի հայկական մեդիատիրույթում իրականացրել է տարբեր հեռուստանախագծեր, որոնք մշտապես եղել են հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում.
– «Ամենախելացին» նախագիծը տարիներ առաջ մեծ արձագանք ստացավ դպրոցականների և ուսանողների շրջանում. Մի քանի եթերաշրջանից հետո, սակայն, տևական ժամանակ է, այն այլևս չկա հեռուստաեթերում։ Ձևաչափը սպառե՞լ էր իրեն, թե՞ այլ պատճառներ եղան նախագիծը չշարունակելու։
– 2015 թ.-ին, երբ «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշում կայացրեց SONY pictures ընկերությունից արտոնագիրը գնելու և Հայաստանում իրականացնելու միջազգային հեռուստաֆորմատը, շատերը կարծում էին, որ հաղորդումը 1-2 եթերաշրջանից հետո կփակվի, քանի որ կրթական նախագծերը մեծ սպառում չունեն հեռուստալսարանի կողմից։ Լինելով նախագծի գործադիր պրոդյուսերը, կարող եմ փաստել, որ առաջին իսկ ցուցադրությունից այն եղել է ամենադիտվածն իր ժամային գոտում։ Նախագիծն իսկապես նորություն էր հայկական հեռուստալսարանի համար և նոր կրթական շարժում էր առաջացրել պատանիների շրջանում։
Միջազգային նման մեծ հեռուստանախագծերը, սակայն, պահանջում են մեծ ֆինանսներ։ Մասնավոր հեռուստաալիքները, ի տարբերություն հանրային հեռուստաընկերության, այսօր, ցավոք այդքան մեծ ռեսուրսներ չունեն, որպեսզի ինքնաֆինանսավորմամբ իրականացնեն նման մեգամասշտաբ հեռուստանախագծեր։ Երբ մենք նոր էինք սկսում «Ամենախելացին», մեր կողքին էին արժեքահեն կրթության ջատագովներ թե պետական, թե մասնավոր սեկտորից։

Վեց եթերաշրջանի ընթացքում, ի թիվս այլ մասնավոր ընկերությունների, մեզ նաև աջակցում էր այն ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, և նրանց ներկայությունն այս պարագայում ոչ այնքան մեծ ֆինանսների մասին էր, որքան մեր գաղափարները կիսելու, ինչպես նաև որոշակի վարչական ռեսուրսներից տեխնիկապես օգտվելու հնարավորություն։ 2019 թվականին, երբ արդեն հեռուստանախագծի նախապես գնված լիցենզիան ավարտվել էր և պետք է նոր եթերաշրջանների արտոնագրի համար բանակցություններ սկսվեին, ցավոք, մեդիագովազդային շուկան գտնվում էր տուրբուլենտ գոտում և վերջնականապես փլուզվեց Covid-ի շրջանում։ Ցավոք, դրանից հետո ու մինչև այսօր, եթե նույնիսկ մենք շատ ցանկանայինք, միայն մեր ուժերով հնարավոր չէր իրականացնել նախագիծը։
– Դուք այս տարվա սկզբին լինելով «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն ու անոնսների դեպարտամենտի ղեկավարը, թողեցիք հեռուստատեսությունը։ Ըստ Ձեզ, հեռուստատեսության դերն ու դրա սպառումը նո՞ւյնն է, ինչ տարիներ առաջ։
– Այս պահին մի քանի մեդիանախագծեր կան («Հայացք» «Ինքնություն և արժեքներ».- Ա.Վ.), որտեղ որպես գործադիր պրոդյուսեր և խմբագիր հանդես եմ գալիս, դրանք նաև «Արմենիա» հեռուստաընկերության եթերում են, սակայն որպես հեռուստաընկերության խմբագիր և անոնսների դեպարտամենտի ղեկավար՝ այլևս այնտեղ չեմ։ Հեռուստատեսության դերն այսօր, հավատացեք, չի նվազել, գործիքներն են փոխվել։
Այսօր մեդիաարտադրանքը ոչ միայն հասանելի է հեռուստաեթերում, այլ նաև համացանցում։ Այսինքն, հեռուտաընկերություններն իրենց էքսկլյուզիվությունը պետք է տեղափոխեն նաև առցանց հարթակ։ 15 տարի առաջ, եթե դու բաց էիր թողնում քո սիրելի հաղորդումը կամ ուղիղ եթերը, այլևս հնարավորություն չէիր ունենում դիտելու այն, հիմա մարդիկ ֆուտբոլային ավարտված հանդիպումը կարող են մի քանի անգամ նայել իրենց ցանկալի ժամին և վայրում։ Ի տարբերություն Հանրայինի, մասնավոր հեռուստաալիքները պետք է օր առաջ տրանսֆորմացվեն, այլապես հին խաղի կանոններով այլևս երկար կյանք ունենալ չեն կարող։
– Իսկ Հանրային հեռուստաընկերությունը դրա կարիքը չունի՞։
– Իհարկե ունի։ Սակայն մասնավոր հեռուստաալիքներն ուղղակիորեն կախված են գովազդային մուտքերից։ Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության, որը պետական բյուջեի հաշվին ամեն տարի ստանում է բավականին մեծ գումար և կարող է իրեն թույլ տալ իրականացնելու մեգամասշտաբ նախագծեր, մասնավորները պետք է այնպիսի պրոդուկտ առաջարկեն, որը կգոհացնի և գովազդատուին, և լսարանին։ Այս ամենից բացի, այնպիսի արտադրանք առաջարկել, որը հետաքրքիր կլինի թե համացանցում, թե հեռուստաեթերում։
Հավատացեք, դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Ցավոք, շատ հաճախ, գովազդային բյուջեներ պլանավորելիս հայկական ընկերություններն ավելի շատ իրենց ապրանքանիշի գովազդը ցանկանում են տեսնել սիթքոմներում, սերիալներում և ավելի քիչ՝ ինտելեկտուալ նախագծերում։ Ահա այստեղից էլ սկսվում է հեռուստաեթերներում և համացանցային տիրույթում հեշտ ու արագ սպառվող կոնտենտի գերակշռությունն ու անհավասար մրցակցությունը։

– Այդ դեպքում լուծման ելքեր չկա՞ն:
– Կարծում եմ՝ կան, սակայն խնդիրներն ավելի խորքային են։ Որպես պրոդյուսեր՝ հաճախ եմ լսում, որ հեռուստատեսությունից է կախված մեր հասարակության արժեհամակարգը, բառամթերքը և այլն։ Նախ, կրթվելու համար կան կրթական հաստատություններ, իսկ հեռուստատեսությունը հասարակությանը կրթելու գործիքներից մեկն է միայն։ Այո, Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր գուցե կան բավականին շատ նախագծեր, սակայն պետք է օբյեկտիվ գնահատական տանք, թե այսօր որ հեռուստաալիքներն ունեն ավելի մեծ դիտողականություն. Ես մեկ անգամ չէ, որ խնդրի լուծման համար հետևյալ կոնցեպտն եմ բարձրաձայնել։
ՀՀ քաղաքացիների հարկերից գոյացող և միայն Հանրային հեռուստաընկերությանը տրվող բյուջեի փոխարեն՝ կատարել մոնիտորինգ, ընտրել ևս 3 կամ 5 համապետական սփռում ունեցող հեռուստաալիք, տալ պետական ֆինանսական միջոցներ, վերահսկել այդ գումարները և հեռուստաընկերություններից պահանջել որակյալ և կրթական նախագծեր իրականացնել և մասսայականացնել։
Հավատացեք, եթե ֆինանսական միջոցները լինեն, այսօր իրենց գործում բավականին լավ մասնագետներ ունենք, ովքեր իրենց փորձով կարող են այնպիսի մեդիապրոդուկտ առաջարկել, որը բարձր վարկանիշ կունենա թե հեռուստաեթերում, թե օնլայն հարթակում, և իրապես կունենա կրթական բաղադրիչը։
Իսկ ինչ ունենք այսօր, մեր աչքի առաջ ուղղակի փակվում են հեռուստաալիքները, որովհետև ֆինանսական հոսքերը նվազագույնի են հասել, իսկ պետական աջակցությունն և մտածելակերպը բացակայում են: Եթե մենք խոսում ենք նոր սերնդի արժեհամակարգի ձևավորումից, ուրեմն պետք է պետական աջակցություն նաև լինի, իսկ պետական գործիչներն էլ պետք է մի կողմ դնեն իրենց անձնական վերաբերմունքն այս կամ այն ալիքի նկատմամբ և օժանդակեն մասնավոր սեկտորին։
Ահա այս պարագայում պետություն-մասնավոր կապն ավելի ամուր կլինի, և տարիներ հետո կարող ենք նաև ունենալ այլ արժեհամակարգով սերունդ։ Սա երկարաժամկետ ներդրում է, որի չափելիությունը մենք կարող ենք տեսնել, օրինակ, 10-15 տարի հետո, բայց ինչպես ամեն հարցում, մեզ մոտ կարևոր են անձերը, այլ ոչ թե գաղափարները։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    