Պոկրովսկում իրադրությունը բարդ է. ՌԴ-ն հայտնել է ուկրաինացի զինվորների շրջափակման մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է իրավիճակն առաջնագծում, որից հետո հայտնել է որոշ հատվածներում բարդ իրադրության մասին:
Զելենսկին նշել է, որ դրությունն առավել բարդ է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ վերջին շաբաթներին ընթացել են ամենաինտենսիվ մարտերը, և արձանագրվել է ռուսական ուժերի մեծ կենտրոնացում: Զելենսկին հայտնել է, որ իրավիճակը խնդրահարույց է նաև Կուպյանսկում, սակայն ուկրաինական ուժերը վերջին օրերին առաջընթաց են գրանցել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ Կուպյանսկում և Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերը հայտնվել են ռուսական բանակի շրջափակման մեջ:
Պուտինի խոսքով՝ ուկրաինացի զինծառայողների ճակատագիրը պետք է որոշի Կիևը, ինչպես դա ժամանակին արել են «Ազովստալ»-ում: Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ պատրաստ են թույլ տալ, այդ թվում՝ ուկրաինական և օտարերկրյա լրատվամիջոցներին մտնել շրջափակված տարածք, որպեսզի «իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում»:
Նա շեշտել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի ընթացքում բոլոր նշված վայրերում մարտական գործողությունները կդադարեցվեն: Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինվորականները Պոկրովսկում շրջափակումից դուրս գալու 9 փորձ են ձեռնարկել, սակայն դրանք ձախողվել են:

