Խաղաղությո՞ւն, թե՞ ժամանակավոր դադար. Ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում

Վերջին օրերին Երևանն ու Բաքուն փորձում են դրական ուղերձներով փոխանակվել, հաստատել՝ Հարավային Կովկասում այլևս խաղաղություն է:

Ադրբեջանը հայտարարում է, որ չեղարկել է Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքը, որ ռեգիոնում խաղաղություն է, սակայն չկա որևէ հստակություն այն մասին, թե երբ կստորագրվի Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը:

Այս օրերին Ադրբեջանից հնչող այս հայտարարությունները նախընտրական Հայաստանում ՀՀ իշխանություններին հնարավորություն են տվել դրանք լայնորեն օգտագործել ներքաղաքական դիսկուրսում՝ ցույց տալով, որ իրենք ճիշտ էին, ռեգիոնում խաղաղություն է հաստատվել, Հայաստանը օգուտներ է ստանալու, սակայն փորձագիտական համայնքի ստվար հատվածի համար, այսպես կոչված, խաղաղության վերոնշյալ մոդելը մի շարք լուրջ հարցեր ու մտահոգություններ է առաջացնում:

Աստանայում Ղազախստան-Ադրբեջան միջպետական խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը: «Առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ «Այս փաստը վկայում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ թե թղթի վրա է, այլև գործնականում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև խոսել է ռեգիոնալ ապաշրջափակման մասին, իր խոսքում օգտագործելով թե TRIPP, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը: Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքներն ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ «Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին»,-  Աստանայում հնչեցրած ելույթի ժամանակ նշել է Իլհամ Ալիևը։ Էստոնիայի ԱԳ նախարարի հետ Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, թե Բաքուն «ակնկալում է, որ TRIPP նախագիծն օր առաջ կյանքի կկոչվի:

«Երեկ նախագահ Ալիևը հայտարարեց Հայաստան բեռների տարանցման արգելքը վերացնելու մասին։ Հայաստանն արդեն կոնկրետ օգուտներ է տեսնում և զգում։ Եվ սրանք միայն սկզբնական օգուտներն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի, ինչպես նաև Միջին միջանցքի մի մասի «բացման առավելությունները, այն մարդիկ, որոնք Հայաստանում են զբաղվում այս նախագծերով, դրանք առաջնահերթություն կհամարեն»:

Նիկոլ Փաշինյանը շտապեց արձագանքել Ալիևին, այցով Վրաստանում գտնվելով և մասնակցելով «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, կարևոր քայլ որակեց Ադրբեջանի՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը: Նա նշեց, թե անհավանական իրադարձությունների ականատեսն են դառնում, և Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից ապահովել ՀՀ տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Սակայն այդ համաժողովին մասնակցող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն էլ հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները: Նրա որակմամբ, երբ ժամանակը գա, այն կստորագրվի՝ առանց հստակեցնելու, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը:

Հետվաշինգտոնյան խաղաղության թեման այսօր դարձել է արտաքին ու ներքին քաղաքական հաշվարկի մաս։ Ադրբեջանի համար այն հնարավորություն է ամրագրելու պատերազմական արդյունքները՝ միջազգային լեգիտիմության շղարշի ներքո, իսկ Հայաստանի իշխանությունների համար՝ արտաքին քաղաքական հաջողության ցուցադրական օրինակ՝ ներքաղաքական լեգիտիմությունն ամրապնդելու նպատակով։ Եվ այս ֆոնին անհասկանալի է, թե խաղաղությունն այս մոդելով կողմերի միջև և ռեգիոնում ինչպիսի հավասարակշռություն է ձևավորում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք ռեգիոնում ստեղծված իրավիճակն իրական խաղաղությո՞ւն է, թե՞ ժամանակավոր դադար, ելնելով մի շարք աշխարհաքաղաքական ու քաղաքական հաշվարկներից: Իսկ այն, որ այդ հաշվարկները կան, ըստ նրա՝ միանշանակ է, քանի որ գործ ունենք բարդ հակամարտության հետ, որում աշխարհաքաղաքական ազդեցության գործոնը չափազանց մեծ է, ռեգիոնում ազդեցության համար պայքարը բավականին լուրջ է:

Ըստ Վիկտոր Նադեին-Ռաևսկու՝ պետք է հասկանալ, որ ռեգիոնում ազդեցություն կունենա աշխարհաքաղաքական այն դերակատարը, որը կկարողանա խաղաղության իրական ու հավասարակշռված տարբերակ առաջ մղել ու իրականացնել:

«ԱՄՆ ներկայիս վարչակարգը ձգտում է այդ դերակատարությանը, ասել, որ առաջարկվող մոդելը հավասարակշռված է ու իրական խաղաղություն է բերելու, դժվարանում եմ, սակայն կողմերի՝ Երևանի ու Բաքվի համար, ԱՄՆ նախագահի մակարդակով միջնորդությունը նոր երևույթ է, ինչ-որ իմաստով՝ նաև աննախադեպ, որը գործընթացին տվեց մեծ կարևորություն, ինչպես նաև քարոզչական աղմուկ, որից շատ ենք խոսել:

Եվ, ըստ էության, տրամաբանական է նաև այն, որ Ադրբեջանը մի շարք ուղղություններով իր դիրքորոշումները հաջողությամբ առաջ մղելուց հետո պետք է ինքը ևս քայլեր անի, հաշվի առնելով հանգամանքը, որ կա միջազգային մեծ ուշադրություն ռեգիոնի նկատմամբ, բարձր խաղադրույքներ՝ հատկապես վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո: Իսկ այս գործընթացի անհաջողությունը, որն այս դեպքում կարող էր լինել Ադրբեջանի քայլերի բացակայության հետևանքով, կարող էր խառնել Արևմուտքի բոլոր խաղաքարտերը»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ, ի վերջո, վերջին տարիների բանակցային ծանր իրավիճակը ծավալվում էր հենց ռեգիոնալ ապաշրջափակման օրակարգի շուրջ:

Եվ, նրա խոսքով, դատելով Ադրբեջանից հնչող հռետորաբանությունից, կա որոշակի գոհունակություն ռեգիոնալ գործընթացներից, որի ֆոնին Ադրբեջանը հայտարարում է իր կողմից ինչ-որ քայլ անելու մասին:

«Այդ քայլին անմիջապես արձագանքներ եղան Արևմուտքից, ինչը ցույց է տալիս այս գործընթացի իրական շահառուներին: Պատահական չէ նաև այս ամենում Ղազախստանի մասնակցությունը, որը հետաքրքրված է Միջին միջանցքով, իսկ Ադրբեջանը ձգտում է մեծ ազդեցության Կենտրոնական Ասիայում: Բնականաբար, Արևմուտքում ոգևորությունը մեծ է, ռեգիոնից սպասելիքներն աշխարհաքաղաքական ազդեցությունների տեսանկյունից մեծ են, սակայն ռեգիոնին ու հակամարտությանը ծանոթ գործիչների մոտ անվստահությունը պահպանվում է:

Խաղաղությունն իրական է, երբ այն բավարարում է բոլորի շահերը, և դա ամբողջությամբ տեսանելի կլինի բոլոր պայմանավորվածությունների իրագործումից հետո, իսկ գլխավոր նպատակը ռեգիոնի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխությունն է, որի ուրվագծերն արդեն երևում են»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս