
Գյումրեցիներ, եկեք Գյումրու քաղաքապետարանի մոտ. զինված, 100 հոգով եկել էին. փոխքաղաքապետի կոչը
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալ Գագիկ Մանուկյանը կոչ է անում գյումրեցիներին հավաքվել քաղաքապետարանի մոտ՝ համայնքի ընտրված ղեկավարին պաշտպանելու համար։ Այս մասին Մանուկյանն ասել է «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջի» ֆեյսբուքյան եթերում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
«Եկել են 6-րդ բաժնից, ուժային կառույցներից, առայժմ քաղաքապետին առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված անձինք մտել են քաղաքապետարան, պարալիզացրել են ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկները բոլորը վախի մեջ են, սարսափելի, ահավոր վիճակ է։ Գյումրեցիներ, ով սիրում, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկարողանան կատարել»,- ասել է Մանուկյանն իր տեսաուղերձում։
Հայտարարություն է հրապարակվել նաև Վարդան Ղուկասյանի ֆեյբսուքյան էջում։
«Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը»,- գրել է Ղուկասյանը։
Նա ընդգծել է, թե չպետք է թույլ տալ, որ պետությունը խախտի Գյումրու ինքնուրույնությունը։ Ուստի կոչ է արել գյումրեցիներին պահպանել քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»: