ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Կառավարությունն ու առողջապահության նախարարը կրկին խոսում են առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մեկնարկի մասին՝ խոստանալով, որ 2026թ. շուրջ 1.400.000 մարդ կլինեն ապահովագրված։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ծրագրին՝ նշելով, որ իրականում առողջապահական համակարգը պատրաստ չէ այդպիսի ծավալի փոփոխության։

«Նախարարը խոսում է սոցիալական արդարության մասին, սակայն դեռ պարզ չէ՝ ինչպե՞ս է ապահովվելու ֆինանսավորման կայունությունը։ Ինչպե՞ս է լուծվելու հիվանդանոցների սպասվող ծանրաբեռնվածությունը, երբ համակարգն արդեն այսօր դժվարանում է սպասարկել։ Որտե՞ղ են կադրերը, որոնք պիտի սպասարկեն հարյուր-հազարավոր նոր շահառուներին։ Համապարփակ ապահովագրությունը չի կարող սկսվել վարկային գումարներով և անպատրաստ ենթակառուցվածքներով։ Երբ պետությունը հայտարարում է 147 միլիոն եվրոյի վարկ վերցնելու մասին՝ ենթակառուցվածքները կարգավորելու համար, դա խոստովանություն է, ոչ թե հաջողություն»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նախարարի հայտարարությունները ստեղծում են տպավորություն, որ բոլոր քայլերը կանխամտածված են, սակայն իրականում համակարգը դեռ անգամ թղթի վրա հաստատված չէ, դեռ օրենքի նախագիծ է։

«Եթե ԱՀԱ-ն գործարկվի առանց լիարժեք պատրաստության, դրա առաջին զոհերը կարող են լինել տարեցները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները՝ ամենախոցելի խմբերը։ Նախարարը պարտավոր է ներկայացնել ոչ թե հերթական հռետորական խոստումներ, այլ հստակ մեխանիզմներ՝ ինչպես են պատրաստվում ապահովել որակ, հասանելիություն և վերահսկողություն»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս