
ԱՄՆ վարչակազմը մի շարք խոշորագույն ավտոարտադրողների համար կերկարաձգի մաքսատուրքերի մեղմացման ժամկետը

Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել է, որ կերկարաձգի երկրի որոշ խոշորագույն ավտոարտադրողների համար գործող սակագների նվազեցման ծրագրերը, հաղորդում է NBC News-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նաև մանրամասներ է հրապարակել ծանր բեռնատարների և ավտոբուսների համար խոստացված սակագների վերաբերյալ։ Ապրիլի վերջին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը կանխում է մեքենաների և ավտոպահեստամասերի մեկը մյուսի վրա մաքսատուրքերի կիրառումը, ինչը կարող է արագ ազդեցություն ունենալ հյուսիսամերիկյան ավտոարտադրողների վրա։
Թրամփի կարգադրությունը նաև ազատել է ավտոարտադրողներին առանձին մաքսատուրքերից, որոնք նա սահմանել էր պողպատի և ալյումինի արտադրանքի նկատմամբ։ Վերջին հայտարարությունը երկարաձգում է մաքսատուրքերի փոխհատուցման ծրագիրը՝ երկու տարուց մինչև հինգ տարի։
«Առաջնային խնդիրը Միացյալ Նահանգներում մեքենաների ներքին արտադրության ընդլայնումն է՝ ամերիկացի աշխատողների համար լավ, բարձր վարձատրվող աշխատատեղեր ապահովելու նպատակով»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ուրբաթ օրը։ Ավտոարտադրողները հաճախ մեքենայի որոշ մասեր կամ հիմնական բաղադրիչները հավաքում են Մեքսիկայում կամ Կանադայում, իսկ հետո անավարտ դետալները ներմուծում են ԱՄՆ՝ վերջնական մշակման համար։
Այդ բաղադրիչները և կոմպլեկտավորող մասերը կարող են մի քանի անգամ հատել սահմանը, ինչը հանգեցնում է բազմաթիվ մաքսատուրքերի։
«Ford» ընկերության գործադիր տնօրեն Ջիմ Ֆարլին ընկերության եկամուտներին նվիրված հեռախոսային կոնֆերանսի ժամանակ վերլուծաբաններին հայտարարել է, որ ընկերության նպատակն է «պարզեցնել մաքսատուրքերը»։ «Ford»-ը ԱՄՆ-ում ավելի շատ մեքենաներ է արտադրում, քան «մեծ եռյակի» մյուս արտադրողները։ Չնայած դրան, «Ford»-ը ակնկալում է, որ ամբողջ տարվա համար մաքսատուրքերի ծախսերը կկազմեն շուրջ 2 միլիարդ դոլար։
Սպիտակ տունը, կարծես, լսել է ոլորտի մտահոգությունները։
«Մենք մշակել ենք այս ծրագիրը, որպեսզի թույլ տանք նոր բան կառուցող ավտոարտադրողներին, ինչպես ցանկանում է նախագահը, իրենց մեքենաներն արտադրել այստեղ՝ օգտագործելով ամերիկյան աշխատուժը… մենք ի վիճակի ենք ծախսերի առումով մրցունակ մնալ և ընդլայնել արտադրությունը»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից նախատեսում է 25 տոկոս ներմուծման մաքսատուրք սահմանել «աշխարհի այլ մասերում արտադրված «բոլոր ծանր (մեծ!) բեռնատարների»» համար։
Սակայն այդ ամսաթիվն անցավ առանց որևէ պաշտոնական հայտարարության։ Ավելի ուշ Թրամփը ևս մեկ տեղեկություն է հրապարակել՝ ասելով, որ մաքսատուրքեր կսահմանի նոյեմբերի 1-ից։ Ուրբաթ օրը նախագահը ստորագրել է գործադիր հրաման՝ սահմանված ժամկետում այդ մաքսատուրքերի ներդրումը սկսելու մասին։ Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից 10% մաքսատուրք կսահմանի ավտոբուսների ներմուծման վրա, ներառյալ դպրոցական ավտոբուսները, միջքաղաքային ավտոբուսները և նմանատիպ տրանսպորտային միջոցները։ Մեքսիկայից և Կանադայից ներմուծումը կստանա «USMCA-ի արտոնյալ ռեժիմ», որը նման է ավտոմեքենաների ներմուծման ռեժիմին։