
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը զանգահարել է Նեթանյահուին

2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն X սոցցանցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր հեռախոսազրույցի մասին:
«Այսօր ես խոսեցի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և շնորհակալություն հայտնեցի նրան Վենեսուելայի ժողովրդին 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առթիվ արված ջերմ շնորհավորանքների համար։ Մենք՝ վենեսուելացիներս, խորապես գնահատում ենք խաղաղությունը և գիտենք, որ այն ձեռք բերելու համար անհրաժեշտ է հսկայական քաջություն, ուժ և բարոյական մաքրություն՝ դիմակայելու այն տոտալիտար ուժերին, որոնք դեմ են մեզ։ Զարմանալի չէ, որ իրանական ռեժիմը, որը Վենեսուելայում Մադուրոյի ռեժիմի առանցքային կողմնակիցն է, նաև աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, «Հեզբոլլահը» և հուսիները», – գրել է նա։
Մաչադոյի կարծիքով՝ սա ընդգծում է «ազատության և ավտորիտարիզմի միջև պայքարի գլոբալ բնույթը»։
«Ճիշտ այնպես, ինչպես մենք պայքարում ենք Վենեսուելայում ազատության և ժողովրդավարության համար, Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդներն արժանի են ապագայի, որը հիմնված է արժանապատվության, արդարության և հույսի, այլ ոչ թե վախի վրա։ Մենք հույս ունենք, որ Նախագահ Թրամփի հեռատես ծրագրի ամբողջական իրականացումը կնպաստի տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Ի վերջո, խաղաղությունը պահանջում է ազատություն, իսկ ազատությունը՝ քաջություն և ուժ», – եզրափակել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։
Մաչադոյի և Նեթանյահուի զանգի մասին տեղեկությունը հաստատել են նաև Իսրայելի վարչապետի գրասենյակից։