
Մինչև հարցի վերաբերյալ ՍԴ վերջնական որոշումը, ՀՀ իրավակիրառ պրակտիկում պետք է բացառվի «նյութապես շահագրգռելու հիմքով» քրեական հետապնդման հարուցումը. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակումից հետո ՀՀ իրավապահ մարմինները և դատական իշխանությունը պետք է ԶԵՐԾ մնան ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ՝ «Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» վերտառությամբ հոդվածի 2-րդ մասը կիրառելուց այն դեպքերում, երբ դա վերաբերում է «նյութապես շահագրգռելուն»:
Ընդ որում, վերոգրյալը վերաբերում է նաեւ 236-րդ հոդվածի 3-րդ մասին, որը հիման վրա այսօր հարուցվել է Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրությանն առնչվող քրեական վարույթը:
ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա՝ Վենետիկի հանձնաժողովը հստակ արձանագրել է, որ՝
հավաքին մասնակցելու (հավաքին մասնակցելուց հրաժարվելու) նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմը՝ ՀԱԿԱՍՈՒՄ է իրավական որոշակիության սկզունքին:
Այսպես, Հանձնաժողովն նշել է՝ «նյութապես շահագրգռելու» արտահայտությունը բավարար ճշգրտությամբ ՉԻ ձևակերպվել, որպեսզի հնարավոր լինի անձանց համար կանխատեսելի դարձնել իրենց իրավունքներն ու պարտականությունները և, համապատասխանաբար, կարգավորել իրենց վարքագիծը։
Ճիշտ է, կարելի փաստարկել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները միայն խորհրդատվական բնույթ են կրում։ Այդուհանդերձ, դրանք ունեն բացառիկ իրավական կշիռ՝ հիմնված միջազգային իրավական չափորոշիչների և համեմատական սահմանադրական փորձագիտության վրա։
Հանձնաժողովի իրավական խորհրդատվությանը համապատասխանելը կարևոր է՝
ժողովրդավարական ինստիտուտների ամբողջականության պահպանման, իրավունքի գերակայության պաշտպանության և Եվրոպայի խորհրդի շրջանակներում հիմնարար իրավունքների հարգման ապահովման տեսանկյունից:
Այս պահանջն առավել ընդգծված է այն իրավական նորմերի պարագայում, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն և ազատազրկում։
Քրեական օրենսգրքի դրույթների կիրառումը պահանջում է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ իրավական կանխատեսելիություն և իրավական որոշակիություն.
Հետևաբար, մինչև հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից ընդունվելիք վերջնական որոշումը, ՀՀ իրավակիրառ պրակտիկում պետք է ԲԱՑԱՌՎԻ «նյութապես շահագրգռելու հիմքով»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով քրեական հետապնդման հարուցումը»: