Բաժիններ՝

Իսրայելը պաշտոնապես հաստատել է Գազայում հրադադարի Թրամփի ծրագիրը. ի՞նչ տեղի կունենա հետո

Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հաստատել է Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի ծրագիրը, որն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։«Կառավարությունը քիչ առաջ հաստատել է բոլոր՝ ինչպես ողջ մնացած, այնպես էլ զոհված պատանդների վերադարձի փաստաթուղթը», – նշված է հայտարարության մեջ։ 

Ավելի վաղ Եգիպտոսում կայացած եռօրյա բանակցություններից հետո Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ։ Այսպես, Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ծրագրի պաշտոնապես հաստատումից հետո հրադադարն ուժի մեջ կմտնի։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ դա տեղի կունենա անմիջապես՝ չնայած Իսրայելի վարչապետի գրասենյակի խոսնակը հայտարարել էր, որ հրադադարն ուժի մեջ կմտնի կաբինետի կողմից հաստատվելուց հետո 24 ժամվա ընթացքում։ 

Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուն զուգահեռ իսրայելական զորքերը կհեռանան դեպի նախապես համաձայնեցված գիծ, ինչի պարագայում նրանց վերահսկողության տակ կմնա Գազայի հատվածի շուրջ 53%-ը։ Սրա վերաբերյալ ավելի վաղ քարտեզ էր հրապարակել Սպիտակ տունը։ 

Այնուհետև 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի բոլոր 20 պատանդներին, որոնք դեռ ողջ են։ Դրանից հետո կվերադարձվեն 28 զոհված պատանդների մարմինները։ Այդ ժամանակ, ինչպես BBC-ին հայտնել է աղբյուրը, Իսրայելն ազատ կարձակի 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված իսրայելական բանտերում, ինչպես նաև կազատի Գազայից 1700 ձերբակալվածի։ Ըստ Թրամփի պլանի՝ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի աճյունի դիմաց Իսրայելը կվերադարձնի Գազայից 15 զոհվածի մարմին։ Բացի այդ, պաղեստինյան անկլավ կմտնեն հումանիտար օգնությամբ հարյուրավոր բեռնատարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս