
«Որևէ բանի մասին չունեմ մտածելու, ոչ մի տագնապ չունեմ». Փարաքարի նորընտիր համայնքապետ
Այսօր Փարաքարի համայնքապետարանի արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ նոր համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Օնիկ Հախվերդյանը։
Արտահերթ նիստին չէին մասնակցում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։
Լրագրողնրի հետ զրույցում Օնիկ Հախվերդյանը պատասխանելով հարցին, թե ընտրվելուց հետո կհաջողվի՞ հանգուցալուծել համայնքում եղած իրավիճակը, ասաց՝ եթե կասկածեր, ապա երբեք այդ գործը ձեռքը չէր վերցնի։
Թե առաջին քայլով ի՞նչ պետք է անի՝ հարցին, նորընտիր համայնքապետը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա։
«Ինքս որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ, եթե մյուս խմբակցություններն արտահերթ նիստին չէին մասնակցում, գուցե այդպես են ճիշտ համարել, երևի չեն ուզել մասնակցել։
Մինչև ընտրվելը, մենք մեր հստակ քայլերն ունեցել ենք և այդ քայլերը պետք է տանենք առաջ։ Մեր ծրագրերն ընտրարշավի ժամանակ ներկայացվել են»,- նշեց Օնիկ Հախվերդյանը։
Նա շեշտեց, որ թիմակիցների վրա վստահ է, այսպես ասած՝ իրենցից որևէ մեկին չեն կարող «գողանալ»։
«Ես իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, որևէ բանի մասին չունեմ մտածելու, ոչ մի տագնապ չունեմ»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որ լարվածությունը թոթափվի Փարաքարում, Օնիկ Հախվերդյանը պատասխանեց, որ հարցն իրավապահների տիրույթում է, իր իրավասությունների մեջ չի մտնում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չէր եղել, վիրավորվել էր Արծրուն Գալստյանը։
Վալոդյա Գրիգորյանը համայնքապետ էր ընտրվել այս տարվա մարտի 31-ին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում