Թյուրքախոս երկրները հավաքվում են Գաբալայում. քննարկումների կենտրոնում՝ «Թրամփի ուղին»

Այսօր ադրբեջանական Գաբալայում  մեկնարկում է թյուրքալեզու երկրների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար արդեն ժամանել են կազմակերպության անդամ երկրների նախագահները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մասնակցելու են Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին:  Գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը՝ Ադրբեջանը, որպես գագաթնաժողովի գլխավոր թեմա է առաջարկել «Տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»։

Այս գագաթնաժողովից որոշ ժամանակ առաջ Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը հայտարարել էր.

««Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի «Միջին միջանցքի» նախաձեռնության հաջողությանը։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հեռանկարը նախատեսում է Զանգեզուրում 43 կմ երկարությամբ ճանապարհի բացում, որը կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի ԱՄՆ-ի կողմից։ Այդ ճանապարհը կդառնա Կենտրոնական Ասիայից Ադրբեջան և այնուհետև Թուրքիայի տարածքով դեպի համաշխարհային շուկաներ խոշոր առևտրային երթուղու մի մասը։

Մենք այդ միջանցքն անվանում ենք «Միջին միջանցք»։ Այն գտնվում է Արևելք-Արևմուտք առանցքի վրա՝ Հյուսիս և Հարավ տրանսպորտային միջանցքների միջև, և ունի զգալի ռազմավարական առավելություններ՝ համեմատած երկու այլընտրանքային երթուղիների հետ: Այս առավելությունների թվում են ավելի կարճ հեռավորությունը, կլիմայի առավելությունները, ինչպես նաև ավելի կայուն քաղաքական միջավայրը: Տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև «Թրամփի ուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանան Միջին միջանցքի նախաձեռնության հաջողության համար»,- ասել էր գլխավոր քարտուղարը։

Կարդացեք նաև

Կուբանիչբեկ Օմուրալիևը ուշադրությունը կենտրոնացրել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի հատուկ դերի վրա:

«Մենք ողջունում ենք 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչպես նաև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Այս կարևոր քայլը ցույց է տալիս կողմերի վճռականությունը՝ ետևում թողնել կոնֆլիկտային ժառանգությունը և ապագան կառուցել համագործակցության և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- նշել էր նա՝ շարունակելով, որ այդ զարգացումը համարում են պատմական շրջադարձային պահ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլ ողջ Հարավային Կովկասի համար և նրա սահմաններից դուրս:

Ալիևն Ադրբեջանում արդեն ընդունել է կազմակերպության գլխավոր քարտուղար Օմուրալիևին ու հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վաշինգտոնյան պայմանավորվածություններին, դրանից հետո ստեղծված իրավիճակին: Օմուրալիևն Ալիևին շնորհավորել է պայմանավորվածությունների ու խաղաղության կապակցությամբ:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Վաշինգտոնում ձեռք բերված «Թրամփի ուղու» պայմանավորվածությամբ նոր էջ է բացվում թյուրքալեզու երկրների համագործակցության հարցում:

Ըստ նրա, Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրագործման դեպքում թյուրքալեզու առանցքային երկրները ստանում են այն կապը, որին երկար ժամանակ ձգտել են: Դրանով ստանում են հնարավորություն խորացնելու համագործակցությունը՝ օգտվելով շատ ավելի գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերից: Վերլուծաբանի որակմամբ, հենց այդ պատճառով է կազմակերպությունում ներկայումս Ադրբեջանը դառնում բավականին էական խաղացող, քանի որ այս պայմանավորվածություններից շատ բան է կախված թյուրքախոս, այսպես կոչված, աշխարհի զարգացման հարցում:

«Պատահական չէ նաև, որ գագաթնաժողովի հիմնական թեման հենց նշված է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, որով արձանագրված է այս կազմակերպության զարգացման համար անհրաժեշտ երկու կարևոր բաղադրիչ՝ տարածաշրջանային համագործակցություն ու անվտանգություն: ԹՊԿ-ն վստահաբար խորացնելու է քաղաքական, տնտեսական համագործակցությունը, ամրապնդելով նաև համագործակցությունն անվտանգության ոլորտում: Հենց այս ոլորտում համագործակցության տարբեր ձևաչափեր էին քննարկվում, ներկայումս ևս կշարունակվեն քննարկումները, դեռ առարկայական որոշումներ կարծես թե չկան միացյալ ռազմական միավորում ձևավորելու համար»,- ասաց նա:

Վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի համար այս ուղղությունը մշտապես է կարևոր եղել, սակայն ներկայումս Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված լարված հարաբերությունների շրջանակում Ադրբեջանն էլ ավելի ակտիվ քաղաքականություն է փորձում վարել՝ ինչպես ռեգիոնում, այնպես էլ՝ դրանից դուրս իր գործընկերների հետ:

«Ուստի, չի բացառվում, որ այս գագաթնաժողովի թեման լինի Միջին միջանցքը, վաշինգտոնյան պայմանավորվածությունների լույսի ներքո այս երկրների համագործակցության համար բացված հնարավորություններն ու դրանք առարկայացնելու հետագա տարբերակները:

Բայց բացի զուտ ռեգիոնալ օրակարգից, նման կառույցներն այսօր ունեն նաև գլոբալ նշանակություն և տեղավորվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացի մեջ: Պատերազմների ու անկայունության ժամանակահատվածում, երբ գլոբալ տարատեսակ զսպման մեխանիզմները չեն գործում, երկրները փորձում  են որոշակի շահերի համախմբման դեպքում ձևավորել մի առանձին մեխանիզմ: Նման կազմակերպություն է ԹՊԿ-ն, որը կապել է թյուրքախոս երկրներին որոշակի շահերի ու համագործակցության ապագա տեսլականի շուրջ: Սա կարող է բազմաբևեռ, ֆրագմենտացված աշխարհի որոշակի տարր դառնալ, ուստի տարիներ առաջ ձևավորված այս կազմակերպությունը, եթե նույնիսկ այն ժամանակ այդքան էլ չէր կարևորվում անդամ երկրների կողմից, ապա այսօր այդ կազմակերպությանն ուղղված նրանց «հայացքը», կարծիքն այլ է, քանի որ ռեգիոնալ փոփոխվող իրավիճակում նրանք ռեգիոնալ համագործակցության հարցում ապագա են տեսնում: Ռուսաստան-Արևմուտք զարգացող լարվածության պայմաններում, պատերազմի հռետորաբանության սրման իրավիճակում երկրները կայունություն են փնտրում նաև նման կազմակերպություններում»,– նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է այս ամենում ՀՀ դիրքին ու դերակատարությանը, ապա, վերլուծաբանի խոսքով, Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածություններն անուղղակիորեն նպաստում  են այս կազմակերպության բարգավաճմանը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես մեծ սեպ են համարել հանգամանքը, որ չունեն հաղորդակցություն իրենց միջև հնարավոր ամենակարճ ճանապարհով:

«Ուստի այդ պայմանավորվածություններից հետո այս կազմակերպության առանցքային օրակարգը պտտվում է «Թրամփի ուղու» շուրջ, որն ադրբեջանական կողմը համառորեն շարունակում է միջանցք անվանել: Կարծում եմ՝ պետք է սպասել, որ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում կլինի անդրադարձ նշածս թեմաներին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս