
G7-ը պայմանավորվել է ճնշում գործադրել ռուսական նավթ գնող երկրների վրա

G7-ի երկրները որոշում են ընդունել ուժեղացնել ճնշումն այն երկրների վրա, որոնք շարունակում են նավթ գնել Ռուսաստանից: Այդ մասին ասվում է Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք համաձայնեցինք, որ հիմա ժամանակն է առավելագույն ճնշում գործադրել ռուսական նավթի արտահանման վրա, որը նրա եկամուտների հիմնական աղբյուրն է։ Մենք կթիրախավորենք նրանց, ովքեր շարունակում են ավելացնել ռուսական նավթի գնումները Ուկրաինա ներխուժումից հետո, և նրանց, ովքեր նպաստում են պատժամիջոցների շրջանցմանը», – նշվում է հայտարարության մեջ։
G7-ի երկրների ֆինանսների նախարարները հավելել են, որ գիտակցում են «առևտրային միջոցառումների, այդ թվում՝ մաքսատուրքերի և ներմուծման/արտահանման նկատմամբ արգելքներ սահմանելու կարևորությունը Ռուսաստանի եկամուտների կրճատմանն ուղղված ջանքերում»։
Նախարարները հայտնել են, որ մտադիր են էական միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից մնացած ապրանքների, այդ թվում՝ ածխաջրածինների ներմուծումը աստիճանաբար դադարեցնելու ուղղությամբ։
«Մենք նաև լրջորեն քննարկում ենք առևտրային միջոցառումներ և այլ սահմանափակումներ այն երկրների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք օգնում են ֆինանսավորել Ռուսաստանի պատերազմը, այդ թվում՝ ռուսական նավթից պատրաստված վերամշակված նավթամթերքների նկատմամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարները նաև նշել են, որ մշակվում է «Ուկրաինայի ֆինանսական կարիքները բավարարելու համար տարբերակների լայն շրջանակ»։
«Ի թիվս այլ բաների, այս միջոցները ներառում են մեր իրավասության ներքո գտնվող Ռուսաստանի սուվերեն ակտիվների ամբողջական արժեքի համակարգված օգտագործումը՝ պատերազմը դադարեցնելու և Ուկրաինայում արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար», – հավելել են G7-ի ֆինանսների նախարարները հոկտեմբերի 1-ին վիրտուալ ձևաչափով գագաթնաժողովից հետո։