
«Մենք ընկել ենք փակուղու մեջ, մեկ ստից ընկնելով մեկ այլ ստի մեջ, երբ հերոսներին այսպես ոչնչացնում են». Դավիթ Ստեփանյան

2022 թվականին ցուցադրվեց ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի հեղինակած «Անդրանիկը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» փաստավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Անդրանիկ զորավարի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական ժամանակաշրջանում՝ 1918 թվականից սկսած։
Դավիթ Ստեփանյանը նկարահանել է ֆիլմի երկրորդ հատվածը՝ «Հրե օղակի կենտրոնում», որտեղ կրկին ներկայացնում է 1918-1919 թվականների իրադարձությունները, Անդրանիկ զորավարի ծավալած գործողությունները Խոյում, Նախիջևանում, Սյունիքում, Արցախում։
«Այն հատվածում, որտեղ ավարտվեց առաջին ֆիլմը և վերջաբանում հետագա դեպքերի մասին ավելի ընդհանրացված տեղեկություն նշվեց, որ Անդրանիկն առանց պետական որևէ օժանդակության, միայնակ տեղացիների հետ դուրս եկավ ու կարողացավ պահել Սյունիքն ու Արցախը։ Այս մասին վկայությունները շատ են, Արցախը չկարողացան գրավել, որովհետև Անդրանիկը լուրջ կապի մեջ էր Արցախի գործիչների հետ, զենք ու զինամթերք էր ուղարկում։ Նույնիսկ անգլիական ճնշումների տակ հնարավոր եղավ այդ երկու կարևոր տարածքները պահել, որպեսզի չհանձնվեն Ադրբեջանին, ինչպես որ դրա մտադրությունը կար։
Ահա այս ամենի մասին է ֆիլմը՝ Խոյի արշավանքների, Նախիջևանի, Սյունիքի ու Արցախի խոշոր իրադարձություններով ներառյալ, կարելի է ասել՝ Անդրանիկի ոդիսականն է՝ իր ապրած կյանքի «թագն ու պսակը»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ստեփանյանը։
Ֆիլմի հեղինակի խոսքով՝ այս ֆիլմի ստեղծման գլխավոր նպատակը ճշմարտության բարձրաձայնումն է և պատմությունը ճշմարտության շուրջ կառուցելը։ Կենացային ձևերով հուսալ, որ ապագայում սերունդներն ամեն ինչ կշտկեն ու լավ կլինի, այդպես չէ՝ կարևորն այն է, թե դրա համար ինչ է արվում հիմա՝ ներկայում։
«Ապագան էլ, անցյալն էլ շաղկապվում են ներկայի հետ, եթե ճշմարտությունն ենք բացահայտում։ Բայց եթե կեղծիքի վրա ենք կառուցում մեր ներկան, ինչպես վերջին 100-ամյակում է եղել, ինչն էլ մեր գլխին բերեց ու բարդեց այս աշխարհի թիվ մեկ սուտը։ Մենք ընկել ենք փակուղու մեջ, մեկ ստից ընկնելով մեկ այլ ստի մեջ, իհարկե, ոչ այսօրվա նման, երբ հերոսներին այսպես ոչնչացնում են, բայց բոլոր ժամանակներում եղել է, որ հերոսներին հետին պլան են մղում։
Շահան Նաթալին մի լավ խոսք ուներ, ասում էր. «Անդրանիկը Քեմալից պակաս հերոս չէր, թուրքերը նրան դարձրեցին առաջնային կերպար, մենք քարկոծելով սպանեցինք։ Նա չմեռավ, մենք սպանեցինք»։ Թուրքերը լավ գիտեն, թե հայկական կողմից իրենց առաջընթացի համար հիմնական խոչընդոտը որտեղ ու ինչպես առաջացավ, մինչդեռ մենք այդ մասին չգիտենք՝ գնում ենք կեղծ մարգարեների հետևից, որովհետև նրանց են մեզ հրամցնում։
Փորձում են միշտ չափի մեջ պահել, սանձել որևէ հերոսի կերպար»,- հավելեց Դավիթ Ստեփանյանը։
Ըստ մեր զրուցակցի, այսօր շատերն Անդրանիկին պատկերացնում են՝ իբրև ֆիդայապետ, լավագույն դեպքում՝ որպես զորավար, թեպետ ոմանք չեն էլ բարեհաճում այդ «զորավար» բառն օգտագործել։ Մինչդեռ Անդրանիկ Զորավարը շատ ավելին էր, այդ մասին արխիվային փաստաթղթերում ահռելի նյութ կա։
«Անդրանիկ զորավարին դիմել են Սյունիքի, Արցախի Ազգային խորհրդի նախագահները և շատ անվանի մարդիկ։ Անդրանիկը համաժողովրդական ռազմաքաղաքական առաջնորդ էր, ահա սա են միշտ ցանկացել թաքցնել, որպեսզի ազգի ոգին կոտրեն։ Պատկերացրեք, պետության բացակայության պայմաններում նման առաջնորդը և նրան հետևող ժողովուրդը կարողացել են աշխարհաքաղաքական բեկում մտցնել, և դրա շնորհիվ է, որ այսօրվա Հայաստանը պահպանվել է, Արցախն էլ՝ հետը։ Սակայն հիմա հայրենիքի մի մասը կորսվել է, ու այս պահին էլ «դանակի ծայրին շարժվելու» վիճակում ենք գտնվում՝ մեծ վտանգ կա հայրենիքի այս մի հատվածը կորցնելու»,- շեշտեց Դավիթ Ստեփանյանը։
Առաջին ֆիլմը նկարահանելիս հեղինակը Գիտությունների ազգային ակադեմիայում խորհրդակցել է պատմաբանների հետ, եղել են անճշտություններ։ Պատմաբանները մեծ առումով օրվա պատմությունը գրողներն են, իշխանական պատվեր կատարողներ. իհարկե, պրոֆեսիոնալ են արել, բայց կոնտեքստից նյութը հեռացրել են, նյութերի շաղկապումն այնպես են մանիպուլացրել, որ համատեքստը նմանվի օրվա քարոզչամեքենային։
«Պատմագիտական ցանկը նշել եմ, օգտվել եմ, լավագույն օրինակներն եմ վերցրել՝ Հրաչիկ Սիմոնյանի, Արամ Սիմոնյանի վերջին տարիների աշխատությունները, միևնույն ժամանակ հղումներով անցել եմ արխիվներով։
Այս ֆիլմի վրա աշխատել ենք 3 տարի, 3 հոգով, ֆիլմում տեքստը իմ մանկության ընկեր Հարութ Աստվածատրյանինն է, ինձ օգնել է նաև Սիրարփին։ Ֆիլմը նկարահանել եմ։
Այս ֆիլմը ծավալով ավելի մեծ է՝ քան առաջինը, 2 ժամից ավելի է»,- ընդգծեց նա։
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։