Բաժիններ՝

Խստացնում ենք վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը. ՊՆ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը խստացնելու վերաբերյալ նախագծերը։

Նա նշեց, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափման ձևերը և խստացնել պատասխանատվությունը՝ մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների առկայության դեպքում։

Սարգսյանի խոսքով՝ նախագծերը նաև ընդլայնում են ռազմական ոստիկանության իրավասությունները:

«Վերջինիս գործունեությունը ոչ միայն կներառի հանցագործությունների կանխում ու խափանում, այլև դրանց հայտնաբերում և բացահայտում։ Բացի այդ, ռազմական ոստիկանությանը լիազորվում է աջակցել զինկոմիսարիատներին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման ընթացքում»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ ռազմական ոստիկանությունը կարող է ապահովել քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջով ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումն ու ուղեկցումը անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու համար։

Փոխնախարարը հավելեց, որ պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել, իսկ կառավարության նախաձեռնությամբ շտկվել է տեխնիկական վրիպակ, որը վերաբերում է ռազմական ոստիկանության մասին օրենքի ընդունման ժամկետին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս