
Գնդակն այժմ «Իրանի դաշտում է»․ կհամաձայնի՞ Թեհրանը ԵՄ-ի պայմաններին, թե՞ կբախվի պատժամիջոցների․ POLITICO

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում եվրոպացիների և իրանցիների միջև բանակցությունների վերջին փորձն առաջընթաց չգրանցեց՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կանխելու վերջնաժամկետից մի քանի օր առաջ․ գրում է POLITICO-ն։
Ինչպես նշվում է, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը երեքշաբթի հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առկա մտահոգությունները։
Լոնդոնը, Փարիզը և Բեռլինն օգոստոսի 28-ին հայտարարել էին, որ Իրանը չի կատարում 2015 թվականի միջուկային համաձայնագրի պայմանները և երկրի համար 30-օրյա պատուհան էին բացել ուղղությունը փոխելու համար։ «Պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց առաջ դիվանագիտական լուծման հասնելու հնարավորությունները փոքր են», – երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ հավելելով․ «Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի»։
Ըստ ֆրանսիացի դիվանագետի՝ բանակցություններից հետո փոխզիջման որևէ նշան չկար։
«Իրանը չի կատարել պայմանները, բայց բանակցությունները կշարունակվեն», – POLITICO -ի հետ զրույցում նշել է ֆրանսիացի պաշտոնյան՝ անանունության սկզբունքով։
Նույն դիվանագետը հավելել է, որ գնդակն այժմ «Իրանի դաշտում է»՝ շաբաթ օրվա վերջնաժամկետից առաջ, երբ երկրի նկատմամբ կկիրառվեն «վերականգնողական» պատժամիջոցներ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ եվրոպացիները կոչ են արել Իրանին «գործնական քայլեր ձեռնարկել առաջիկա օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում»՝ իր միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները լուծելու համար։ Սակայն, սեպտեմբերի 19-ին Իրանը հայտարարել է, որ կդադարեցնի համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնի հետ։
ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք գործում էին 2015 թվականի համաձայնագրից առաջ, ներառում են զենքի էմբարգո, բալիստիկ հրթիռների մշակման սահմանափակումներ, ակտիվների սառեցում, ճանապարհորդության արգելքներ և միջուկային տեխնոլոգիաների արտադրության արգելք։
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Իրանը դեռ կարող է խուսափել պատժամիջոցներից շաբաթ օրվա վերջնաժամկետից հետո, եթե համաձայնվի եվրոպացիների կողմից սահմանված մի շարք պայմանների։
ABC media