Արանքում ուրիշներն են օգտվում. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից փորձեցինք ճշտել՝ կարկուտից տուժած գյուղացիների փոխհատուցման ձևն ու չափն ի՞նչ սկզբունքներով են որոշվելու, և ապա՝ գյուղացուն հուզող վարկերի սառեցման խնդիրը վերջնական լուծում կունենա՞, թե՞ ոչ:
«Այս պահին աղետի չափերն են հաշվվում: Ինչ վերաբերում է վարկերին, ապա խոսք է գնում ոչ թե վարկերի սառեցման, այլ վարկային պայմանագրերի վերաձևակերպումների մասին. խնդիրը բանկային տիրույթում է, կարծում եմ՝ կողմերը կարող են Կենտրոնական բանկի հետ փոխադարձ համաձայնության գալ՝ որոշակի հետաձգման հետ կապված: Այդպիսի նախադեպ մենք ունեցել ենք. «Կամուրջ» վարկային կազմակերպությունը նույն Արմավիրի մարզում անցյալում մի քանի անգամ երկարաձգումների գնաց, որովհետև, եթե ժողովուրդն իրականում այդ եկամուտը չունի, որտեղի՞ց վճարի:
Բայց էս դեպքում էլ կարծես մեկ այլ խնդիր առաջացավ, երբ վերաձևակերպումը կատարվեց, գերակշիռ մասով, այո, մարդիկ սկսեցին վճարել, ինչն էլ նշանակում էր՝ ճիշտ որոշում էր, սակայն որոշակի ալիք բարձրացավ մեկ այլ վարկատուների մասով, որոնք ասում էին՝ եթե նման վերաձևակերպումը հնարավոր է, ես էլ իմ խնդիրն ունեմ, իմն էլ վերաձևակերպեք, ինչո՞ւ իմ վարկը չեք հետաձգում»:
Աղետներից տուժած մարդի՞կ էին դրանք: «Չէ, չէ, հենց դա եմ ասում՝ ոչ աղետներից, այլ ընթացիկ վարկատուներ են, այնուհանդերձ, ես կարծում եմ՝ հարցը կլուծվի, և այդ ճանապարհով, և սուբսիդավորման՝ սերմացու կտրամադրվի, վառելիք, պարարտանյութ»»: