Բաժիններ՝

Զե՛րծ մնացեք ձեր առցանց բանկի հաշվի վերաբերյալ մուտքանունը, գաղտնաբառը և բանկային կոդը տրամադրելուց. ՆԳՆ

Զերծ մնացեք Ձեր առցանց բանկային հավելվածի հաշվի վերաբերյալ մուտքանունը, գաղտնաբառը և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունը․

«Եթե Ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ Ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել Ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, չվստահեք:

Իրականում՝ այդ «աշխատակիցները», իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել Ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:

Արդյունքում՝ մուտք գործելով Ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով Ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես Ձեր հաշվում առկա, այնպես էլ Ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:

Հիշեք՝ բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով, զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության, երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում, չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել Ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը»,-ասված է հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս