ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիք է տեսնում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Անվտանգության խորհրդի բարեփոխումը, քանի որ ներկայիս կազմն արտացոլում է 1945 թվականի, ոչ թե ժամանակակից աշխարհի իրողությունները, ինչը խնդիրներ է ստեղծում լեգիտիմության և արդյունավետության հարցում։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Անտոնիո Գուտերեշը նման համոզմունք է հայտնել լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով կազմակերպության բարեփոխման անհրաժեշտության հարցը։

«Անվտանգության խորհրդի բարեփոխումը լիովին իմաստ ունի։ Անվտանգության խորհուրդն ունի կազմ, որը չի համապատասխանում ժամանակակից աշխարհին։ Այն համապատասխանում է 1945 թվականի աշխարհին և սա ստեղծում է ոչ միայն լեգիտիմության, այլև արդյունավետության խնդիր», – ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ համակրանքով է մոտենում, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկներին՝ վետոյի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ, հատկապես՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերում։

Նա ընդգծել է, որ ինքը առաջին գլխավոր քարտուղարն է, ով անընդհատ խոսում է Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին։

Գուտերեշը նշել է, որ բարեփոխումների հարցում առաջընթաց է գրանցվել։

«Այժմ կա մի հանձնաժողով, որը լրջորեն աշխատում է, և մի քանի երկրներ, նույնիսկ մշտական ​​հնգյակից, ընդունել են, որ Աֆրիկան ​​պետք է ունենա մշտական ​​անդամակցության իրավունք»,-հայտնել է նա՝ հիշեցնելով, որ բարեփոխումների և վետոյի իրավունքի վերաբերյալ վերջնական որոշումը կարող են կայացնել միայն անդամ պետությունները։

Տեսանյութեր

Լրահոս