
Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան Արծրունու ֆեյսբուքյան գրառումը
ԱՐՎԵՍՏՈՒՄ ՑԱՆԿԱՊԱՏԵՐ ՉԿԱՆ
Հաստատ վարչապետը մի ժամանակ երազել է թատերագետ դառնալ, չի ստացվել։ Ուշացել է, դար է փոխվել, փոխվել են թատերագիտական մոտեցումները, սկզբունքները։ Վարչապետի պատկերացումները հնում են մնացել, ասենք՝ ստալինյան կամ խորհրդային ժամանակներում։
Քննադատն այլևս գրաքննիչ չէ, ոչ էլ դերասանից հաշվեհարդար տեսնողը, կամ նրա լինել, թե չլինելու վճիռ կայացնողը և ոչ էլ իր խոսքից շոու սարքողը։
Թատերագետը լայնախոհ անձ է, թատրոնի պրոֆեսիոնալ, ով առաջին հերթին հստակ տարանջատել գիտի գեղարվեստական գրականության ուղերձները դերասանական ու ռեժիսորական մեկնաբանությունից և իր սեփական «իղձերից» ու պատկերացումներից։
Անհամոզի՞չ է խաղը կամ ռեժիսորական մեկնությունը, դասականի ուղերձները չե՞ն կարողացել տեղ հասցնել, սա այլ բան է, խոսենք, վերլուծենք, խորհուրդ տանք սիրելով։ Բայց եթե գրական երկի բովանդակությունը «քննադատի» սրտով չէ, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունի գրաքննության ենթարկելու ստեղծագործության կերպը կամ ստեղծագործողին։ Կամ պարտադրի թատերական գործչին, որ կամայականորեն խմբագրի դասականի երկը։
Դերասանի մասնագիտությունը աշխարհում ամենաբարդերից Է, ուրեմն որքան մեծ պատասխանատվությամբ, հոգածությամբ, խնամքով, պատրաստվածությամբ պետք է գալ նրա ստեղծածի մասին խոսելու։
Սահմռկեցուցիչ, մերժելի, անընդունելի տեսարան էր տեղի ունեցածը։Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված, նկարահանող խմբով, թամաշա անողների ու գլուխը հեզաբար տմբտմբացնողների թիմով։ Ասելիքը նախապես պարապած՝ ներկայիս իր պատկերացումների համատեքստում քաղաքական պրիզմայով ստեղծագործության հայրենասիրական ուղերձները մերժելու, ամեն բան «իրական Հայաստանի գաղափարախոսությանը» ենթակայեցնելու կրքով բռնկված։ Ոգևորվածության մեջ իրեն մի պահ պատկերացրել էր միջնադարյան ինկվիզիտորի, անգլիական պուրիտանների, Եկատերինա 2-րդի, Գլավլիտի ղեկավարի, Գեբելսի, Ֆրանկոյի, Ստալինի փոխարեն։ Իրականում հավանաբար ոգևորված էր արվեստի ուժով, ներկայացումից ծնված էմոցիաներով, որոնք սխալ տեղ էր ուղղորդում՝ կանխակալ տրամադրվածության բերումով։
Իսկ Ներկայացումից դեռ ուշքի չեկած, մտքով դեռ իրենց կերպարներին ապրումակցող տեղծագործական խմբին նվաստ վիճակի մեջ էր դրել, ինչը ամենատգեղն էր։
Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը։ Փոխարենը հենց պետական լծակներով խթանեք քննադատության զարգացումը, ստեղծեք հարթակներ մասնագիտական անաչառ քննադատության դրսևորման համար, քանի որ առանց պրոֆեսիոնալ, առողջ քննադատության ամեն բան հետընթաց է ապրում ու մի օր հանգում գրաքննության։
Հ.գ. «ՀանդԱրտ»֊ն այն եզակի թատրոններից է, որը կարճ ժամանակում մշակութային երևույթ է կայացրել։ Չունենալով որևէ տեսակի հովանավորություն, կախված չլինելով պետական ֆինանսավորումից, միմիայն հանդիսատեսի սիրո շնորհիվ նրանք արդեն ամուր խաղացանկ են ձևավորել, հասցրել են ճանաչվել։ Նրանք ազատություն ունեն խաղալու և բեմադրելու սրտի ուզածը, սա ԱՆԿԱԽ թատրոն է։ Սա չի նշանակում, թե պետական թատրոնների բեմադրիչները պետք է կաշկանդված լինեն ինչ֊ինչ հանգամանքներով։ Արվեստը սահմաններ չի ճանաչում, արվեստում ցանկապատեր չկան։ «ՀանդԱրտ»֊ում ներկայացումներ դիտել եմ, մասնագիտական կարծիքս հայտնել եմ հոդվածով, տեսանյութով։ «Ցանկապատը» դեռ չեմ դիտել։ Հուսով եմ բացը կլրացնեմ շուտով։
Կոչ եմ անում թատրոնի հիմնադիր, բեմադրիչ Тигран Гюлумян ին չվախենալ, չընկճվել, մնալ գաղափարական, պինդ, հայրենասեր, թատրոնի միջոցով առողջ գաղափարներ սերմանել հանդիսատեսի մեջ։ Մտածել միայն ու միայն բեմադրությունների բարձր գեղարվեստականության մասին՝ կլինի դասական, թե ժամանակակից հեղինակի գործ։ է՛լ ավելի կատարելագործվել, ստեղծագործական նոր ուղիներ որոնել, չլճանալ, կոմպրոմիսի չգնալ ո՛չ իշխանավորների, ո՛չ նրանց կողմից խրախուսվող ռաբիս լսող հանրության ճաշակի հետ։ Եվ ամենակարևորը՝ պետական դառնալու չձգտել։ Բացօթյա և անկախ ձևաչափը թույլ է տալիս լինել անվախ, ըմբոստ, ստեղծարար։
Իբրեւ թատերագետ հետևելու եմ թատրոնի ստեղծագործական ընթացքներին ու բարձրաձայնելու եմ, զգուշացնելու եմ, եթե թուլանան։ Այլևս դուք հանրության ու մասնագիտական հանրույթի խոշորացույցի տակ եք։ Շարունակեք արդարացնել հանրության վստահությունն ու սերը